Պատասխանատվության «շունչը» մոտենալիս ցանկացածն էլ «պաշտպանական միջոցներ» է ձեռնարկում․գլխավոր դատախազ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահին տարբեր նախաքննական մարմինների վարույթում մի քանի քրեական գործեր ունենք հարուցված՝ նախադեպը չունեցող ծավալներ ունեցող քննության։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ չցանկանալով մեկնաբանել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի գրառումների վերաբերյալ հարցերը և ի պատասխան այդ տեղեկությունը հաղորդելով։
«Քրեական գործով ձեռք բերված նախնական տեղեկատվության համաձայն՝ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, ինչպես նաև փաստական տվյալներ ունենք, որոնց վերլուծությունը վկայում է 10, նույնիսկ 15 տարի տևական ժամանակ թաքցրած և արտոնյալ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների վերաբերյալ։ Այդ տնտեսական գործունեությունը հաճախ իրականացվել է շուրջ 100 ֆորմալ առումով սուբյեկտների կողմից»,- ասաց Արթուր Դավթյանը՝ հավելեով, որ ստացված տեղեկությունները վկայում են այդ ամբողջ գործունեությունը որոշակի մեկ, երկու կենտրոններից ղեկավարված լինելու մասին։
Գլխավոր դատախազի փոխանցմամբ՝ այդ հարյուրավոր ընկերությունների տնտեսական գործունեությունը, դրանց գումարային շարժերը ըստ էության նաև առերևույթ վկայում են, որ կազմակերպվել է այնպիսի եղանակով, որպեսզի երբևէ դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն։
«Որ փուլում որ առերևույթ հանցագործության վերաբերյալ ապացուցական բազա կհավաքվի, այդ փուլում կսկսվեն հետապնդումներ։ Մենք առանձին դեպքերում որոշակի անձանց նկատմամբ հետապնդումներ ունենք, ինչը նշանակում է, որ այդ դրվագներով ապացուցողական բազա կար»,- ասաց պարոն Դավթյանը։
Դիտարկմանը, թե խոսքը կոնկրետ ո՞ր գործերի մասին է, թե՞ դեռ չեն հրապարակայնացվել դրանք, գլխավոր դատախազն ասաց, որ խոսքը հարուցված քրեական գործերի մասին է, որոնցից են օրինակ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացված հետապնդման, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետապնդման առիթներով և այլն։
Հարցին, թե իրավապահները չգիտե՞ն Միքայել Մինասյանի տեղը, որը սոցիալական ցանցերում ակտիվ է և պարբերաբար գրառումներ է անում, Արթուր Դավթյանն ասաց, թե հրապարակումներ կարող է անել, բայց իր տեղը հնարավոր չլինի հայտնաբերել։ Գլխավոր դատախազը չցանկացավ մեկնաբանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի գրառումը, որում պատգամավորը հարցեր էր ուղղել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, որոնցից մեկն էլ այն մասին էր, թե «կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը»։
Արթուր Դավթյանը պատճառաբանեց, որ փաստական տվյալ չկա, և ինքը չի կարող դրա մասին մեկնաբանություն անել։ Դատախազն անդրադարձավ նաև երեկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվատ» նախաձեռնության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Լրագրողի հարցին, թե տեսակետ կա, որ երկրում նման նախադեպերով ուզում են քաոսային վիճակ ստեղծել, որոշ անձինք ուզում են սադրել, ինքը նման տեղեկություն ունի՞, Արթուր Դավթյանն ասաց․
«Սադրանք կիրառելու մասին չեմ կարող ասել, բայց դիտարկում կարող եմ անել, որ պատասխանատվության շունչը մոտենալիս ցանկացածն էլ պաշտպանական «միջոցներ» է ձեռնարկում»։
Մանրամասները՝ տեսանյութում։