Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Քաղաքականություն

Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ ծրագիրը․ այն ենթադրում է նոր աշխատատեղեր (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ ծրագիրը:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ներկայացնելով համապատասխան նախագիծը, մասնավորապես նշեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման նպատակն է մեղմել կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված սոցիալական խնդիրները՝ քաղաքացիներին հնարավորություն տալով մասնակցել ծառատունկի աշխատանքներին:

Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն ծառատնկման աշխատանքներին, մասնավորապես՝  բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին:

Նախարարի պնդմամբ՝ սրա արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։ Ծրագրին ներգրավված են երեք կազմակերպություններ՝ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը:

Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին:

Նախագծով առաջարկվում է ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին տրամադրել 50-ական դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։ 

Գրիգորյանը վստահեցրեց, որ ծրագիրը կիրառվում է ամբողջ աշխարում և մեծ նշանակություն ունի հենց բնապահպանական տեսանկյունից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ ասաց, որ աշխատանքին առանց մտավախությւոնների կարող են ներգրավվել նաև նպաստառու ընտանիքները: