Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ի՞նչ փոփոխություններ են առաջարկում պատգամավորները՝ մեդիա դաշտի հետ կապված (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այն համոզմունքին է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքն այլևս հնացած է և ունակ չէ լուծելու հեռուստաեթերի և դրա բովանդակության առաջ ծառացած նոր մարտահրավերներն ու խնդիրները։

Իշխող ուժից 3 պատգամավորներ և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը օրեր առաջ շրջանառության մեջ են դրել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ ԱԺ պատգամավորները քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ ներկայացրեցին այդ փաթեթից։

Նախագծի համահեղինակ Վահագն Թևոսյանը նախ նշեց, որ այս նախագծով կարգավորման ենթակա չէ որևէ լրատվական միջոց, որը տալիս է վիդեոարտադրանք, բայց օգտվում է ինտերնետ հոսթինք ծառայություններից։ Ըստ պարոն Թևոսյանի՝ կարգավորվում են այն ենթակառուցվածքները, որոնցով հեռարձակվում են մեդիածառայությունները՝ ուղիղ կապ հաստատելով հանրության հետ, կամ ինչպես նախագծում է նշված օգտատիրոջ հետ։

«Մենք այդպիսի գործիքակազմ ունենք՝ հանրային մուլտիպլեքսը, որով այս պահի դրությամբ հեռարձակվում են մեր հեռուստաալիքների մեծամասնությունը։ Նախագծով սահմանված կարող ենք ունենալ մասնավոր մուլտիպլեքսներ, այսպես ասած՝ փոքրիկ աշտարակների խմբեր, որոնք կօգնեն մարզերում հեռուստաընկերությունների հեռարձակմանը, և ցանցային օպերատորներ ունենք, որոնց մենք անվանում ենք կաբելայիններ, որով մեզ մատակարարում են հեռուստակոնտենտ, իսկ արտադրողները, որոնց մենք անվանել ենք տեսալսողական մեդիածառայություններ, դրանք հենց այն ընկերություններն են, որոնք արտադրում են կոնտենտը և հանձնում են, որպեսզի դա հասնի հեռուստաընկերություններին»,- պարզաբանեց նա։

Նախագծով սահմանվում է ազատականացնել տեսալսողական մեդիադաշտի գործող անձանց գործունեությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ կան որոշակի սահմանափակ կարողություններ, ի դեմս հանրային մուլտիպլեքսում առկա սլոթերի։

«Այս պահի դրությամբ մենք ունենք մի քանի հանրային սահմանափակ նշանակությամբ գործիքներ, որոնց հետ կապված պիտի մրցույթներ հայտարարվեն, որպեսզի հասկանալի լինի, թե այդ սահմանափակ քանակությամբ հնարավորություններից ովքե՞ր են օգտվելու, ովքեր՝ ոչ։ Մնացած պարագաներում, երբ այդ սահմանափակումը չկա, չկա նաև սահմանափակում լիցենզավորման հետ կապված։ Այսինքն՝ մեդիածառայությունը կարող է հեղինակավորվել հանձնաժողովի կողմից որպես ընկերրություն, որն արտադրելու է հեռուստա կամ ձայնային կոնտենտ»,- ասաց Վահագն Թևոսյանը։

Եթե մեդիածառայությունը չի ուզում մասնակցել սահմանափակ քանակությամբ մրցույթին, նա կարող է ազատ հեռարձակվել ցանցային օպերատորներով։ Փոխարենը ցանցային օպերատորներն են լիցենզիա ստանալու, և որոշակի պարտավորություններ են ստանձնելու՝ չհեռարձակել այնպիսի կոնտենտ, կամ չաշխատել այն մեդիածառայությունների հետ, որոնք ՀՀ օրենսդրությանը հակասող նյութեր կարող են տարածել։

Փոփոխություններ են արվել նաև դիստրիբյուտորների կողմից Հայաստան ներմուծվող ալիքների հետ կապված։ Վահագն Թևոսյանը դա օրինակով բացատրեց։

«Նախկինում գալիս էր մի բեռնատար, որն օրինակ՝ իր հետ բերում էր յոգուրտ, որը սահմանն անցնում էր, բաժանվում էր խանութներին, և խանութները յոգուրտները վերցրած գալիս էին հեռուստահանձնաժողով և ասում էին՝ մենք այսպիսի ալիքներ ենք հեռարձակելու։ Այս պարագայում մենք տրամաբանական փոփոխություն ենք արել, այդ բեռնատարը, որը մտնում է Հայաստան, անմիջապես մաքսազերծում ենք, այսինքն՝ դիստրիբյուտորը գալիս է և ասում հանձնաժովին, որ ինքն այսպիսի ալիքներ է բերել Հայաստան, հանձնաժողովն ասում է՝ լավ, հրաշալի է, մտցրու ներս, եթե, իհարկե, մաքսազերծման կանոններին համապատասխան լինի։ Եվ դա բաժանվում է ցանցային օպերատորներին, և նրանք այլևս որևէ պրոբլեմ չեն ունենում այդ ալիքների հետ, որ ամեն նոր մտածի համար հանձնաժողովի հետ խոսեն այդ մասին»,- ներկայացրեց «Իմ քայլի» պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։