Սուպերմարկետները շուկայի հաճախորդներին խլել են. Կոմիտասի շուկայի վաճառողներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏեղաշարժման սահմանափակումների դեպքում ինչպե՞ս են աշխատում մթերային շուկաները: Արդյո՞ք շուկաներում առևտուրն ընթանում է բնականոն ձևով, արդյո՞ք միայն տեղի բնակիչներին սպասարկելը, չի նվազեցնում առևտուրը: Այս և այլ հարցերի շուրջ «Ա1+»-ը զրուցեց Կոմիտասի շուկայի բացօթյա հատվածում առևտուր իրականացնողների հետ:
Մեր նկարահանումների ընթացքում նկատելի էր, որ Կոմիտասի շուկայի ներսում տաղավարներն ազատ են, մի քանիսն է զբաղեցված մրգերով, չրերով, համեմունքներով, սակայն առևտուր անողներ չնկատեցինք: Վաճառողների խոսքով՝ քաղաքացիները նախընտրում են գնումներ կատարել շուկայի բացօթյա հատվածից:
Առևտրականները նշում են, որ առևտուրն արտակարգ դրության օրերին շատ է նվազել: Տեղաշարժման խնդրի պատճառով, շուկայից օգտվում են միայն տարածքի բնակիչները: Առևտրով զբաղվողները հիմնականում վերավաճառողներն են, ապրանքը ամեն օր գնում են Մալաթիա և Մեյմանդար շուկաներից: Գյուղացիների և հաճախորդների թվի նվազումը վաճառողները բացատրեցին ճանապարհների փակ լինելու և քաղաքացիների տեղաշարժման խնդրի սահմանափակումների հանգամանքով:
«Ժողովուրդը շատ քիչ է դուրս գալիս, վաճառողներն էլ են քչացել: Գյուղացիներից քչերն են գալիս շուկա այս օրերին, պատմում է վաճառողներից մեկը»:
Մեկ այլ վաճառողուհի մեզնից հարցնում է, ինչպե՞ս է, որ մեծ առևտրի կենտրոնները աշխատում են, իսկ փոքր կրպակներում, որտեղ վարակվելու ռիսկը քիչ է, չեն աշխատում.
«Թող դուրս գան տեսնեն դուրսը ինչ է կատարվում, ինչքան մարդ կա, իսկ աղքատ խավը, որ հացի խնդիր ունի և օրավարձով աշխատող են, նստած են տանը: Առևտուրը չկա, միայն մոտիկ շենքերից են գալիս, տրանսպորտ չկա, որ կարողանան շուկայից առևտուր անել».նշում է վաճառող կանանցից մեկը: