Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բախտի բերմա՞մբ, թե՞ կառավարության աշխատանքի արդյունքում է կուտակվել 385 մլրդ դրամի խնայողություն (տեսանյութ)

«Հարուստն աղքատին մանր է փրթում»․ այս ասացվածքով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ արտահերթ նիստում սկսեց իր ելույթը, ապա պարզաբանեց, թե ինչ 500 մլրդ հավելյալ միջոցների մասին է խոսում.

«Սիրելի՛ հայրենակիցեր, Կառավարությունն ասում է՝ փող չկա և ասում է՝ եթե կա, այդ փողը ուրիշ բանի համար է: Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիների բախտը բերել է, և կան խնայողություններ: Կապիտալ շինարարությունները թերակատարվել են, հարկային լավ տարի է եղել, մարդիկ շատ մեքենաներ են ներմուծել, շատ հարկեր են վճարել, և եղել են խնայողություններ, այդ խնայողությունների հաշվի վրա այս պահին կա 385 մլրդ դրամ փող»: 

Մարուքյանը պարզաբանեց՝ մոտ 150 մլրդ դրամ ազատ չէ, կան պարտավորություններ, բայց մոտ 200 մլրդ խնայողություններ են, և կառավարությունը կարող է ծախսել և աջակցել ժողովրդին:

«Մենք ասում ենք, որ քանի որ ժողովրդի ձեռքին փող չկա, և գազն ու լույսն էլ գնացել եք, անջատել եք, ով էլ հացի փող է ունեցել, գազ ու լույս է վճարել և սոված նստել տանը, էս մարդկանց՝ 500 հազար ընտանիքի, տվեք 100 հազար դրամ,  470 հազար թոշակառուների մեկ ամսվա հավելյալ թոշակ տվեք, և այս երկու ծրագիրը միասին 100 մլրդ դրամը չի անցնում»:

Ինչ վերաբերում է իշխանության կողմից այս հայտարարությունը պոպուլիստական որակելուն, Մարուքյանն ասում է՝ պոպուլիզմ կլիներ, եթե մարդիկ դրա կարիքը չունենային, իրենք ասեին՝ տվեք:

Տեղեկացրեց, որ 4300 բաժանորդի էլեկտրաէներիգիա է անջատվել, 700 –ից ավելի էլ՝ գազ:

Մարուքյանը շեշտեց, որ ամբողջ աշխարհը գնացել է մարդկանց ուղղակի գումար տրամադրելու ճանապարհով:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ելույթում անդրադարձավ Մարուքյանի պնդումներին, վերահաստատեց իրենց դիրքորոշումը՝ պոպուլիզմ է.

«Կառավարությունը փողը էսպես, թե էնպես բաժանում է, կա բաժանման տրամաբանություն: Այսօր 14 ծրագիր է գործում, ոչ բոլորին է դա հասանելի կամ վերաբերում, բայց 48 մլրդ դրամի գումար բաց է և բաժանվում է, վերաբերում է մի քանի հարյուր հազար մարդու: Այն, ինչ որ առաջարկվում է, այսօր արվում է»:

Ինչ վերաբերում է Մարուքյանի մատնանշած խնայողություններին և պնդմանը, թե «ժողովրդի բախտը բերել է, այդ խնայողությունները կան», ԱԺ փոխխոսնակն արձագանքեց.

«Խոսելուց նույնիսկ չի պտտվում լեզուն, ասի՝ կառավարությունը երկու տարի լավ է աշխատել, գումար է ձևավորվել, ասվում է՝ բախտի բերմամբ, ի՞նչ բախտի բերմամբ, դա կառավարության շարունակական աշխատանքի հետևանք է: Նենգափոխելով ու ֆոկուս - պոկուսներ անելով ոչ ոք առաջ չի գնա»:

Սիմոնյանը հիշեց ՕԵԿ-ին, որ ժամանակին խոսում էր ավանդների մասին, բայց ոչ մեկ մինչև վերջ չստացավ, իսկ իրենք երկու տարի ընտրվեցին:

«Այն, ինչ իմ որոշ գործընկերներ այսօր անում են, ամենաէժան դիվիդենտներն են, որը գիտեմ՝ ով է իրենց խորհուրդ տվել»:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում արտահերթ նիստով շարունակվում է Պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը: