Նախարարի պատասխանից հետո ԼՀԿ ղեկավարը լքեց նիստերի դահլիճը՝ դուռը աղմուկով փակելով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը՝ պայմանավորված արտակարգ իրավիճակով: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» կարծում է, որ կառավարության ներկայացրած բյուջեի փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովին զրկում է բյուջեի հետագա փոփոխությունները քննարկելու և կարծիք հայտնելու իրավունքից:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդեց, որ կողմ են որակյալ, էֆեկտիվ ծախսերին, բայց այս նախագիծն այն մասին է, որ Կառավարությունը բյուջեի ֆինանսական շարժերն անի առանց ԱԺ-ի համաձայնության:
« Ի՞նչն է խանգարում, որ տարվա ընթացքում (պարզ է, չէ՞, որ ամբողջ տարին արտակարգ դրություն չի լինելու) կառավարությունն արտահերթ նիստ հրավիրի, խորհրդարանը հավաքվի: Դուք խորհրդարանից ուզում եք, որ ամբողջ տարին չգաք խորհրդարան, բյուջեի փոփոխությունների համար և գաք միայն դեֆիցիտի պարագայում: Դեֆիցիտի մասով խնդիր չկա: Լավ, խորհրդարանի պատգամավորները կարծիք չասե՞ն բյուջեի ծախսերի այս ու այն կողմ տեղափոխելու վերաբերյալ: Էդ մի կարծիք ասելու հնարավորությունն է մնացել, հիմա դուք այս փաթեթով առաջարկում եք, որ խորհրդարանն ինքն իրեն զրկի այդ իրավունքից»,- հայտարարեց Մարուքյանը:
Ջանջուղազյանն ասաց, որ խոսքը միայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ժամանակահատվածի մասին է:
«Դուք ասում եք՝ արտակարգ դրությունը կդադարի, մինչդեռ աշխարհում կարծես թե ոչ ոք հանձն չի առել ասելու, թե երբ է ավարտվելու այս ամենը, և երբ է աշխարհը վերադառնալու իր բնականոն հունին։ Մենք կարծում ենք, որ այս կարճաժամկետ հատվածի համար ամբողջությամբ կիրառելի է այն նախագիծը, որը մենք առաջարկում ենք»,- ասաց Ջանջուղազյանը:
Մարուքյանը նաև պնդեց, որ կառավարության ներկայացրած աջակցության ծրագրերը հասցեական չեն, և հազարավոր մարդիկ, ովքեր աջակցության կարիք ունեն, զրկվել են այդ աջակցությունից:
Ջանջուղազյանի պատասխանից հետո ԼՀԿ ղեկավարը լքեց նիստերի դահլիճը՝ դուռը աղմուկով փակելով: Թեման շարունակեց նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով պնդեց.
«Կառավարությունը ուզում է ԱԺ-ն իր լծակներից հրաժարվի ու ասի՝ հարգելի՛ Կառավարություն, ոնց ուզում ես, գումարները ծախսի»:
Հիշեցնենք`«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին Ֆինանսների նախարարության առաջարկը հավանության արժանացավ Կառավարության ապրիլի 23-ի նիստում :