Պետք է վիրուսի հետ ապրենք՝ բոլոր կանոնները պահելով․ Կապանի համայնքապետ
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզի Կապան համայնքում (կենտրոնը ք․ Կապան) տիրող իրավիճակի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է 38 բնակավայրից կազմված Կապան խոշորացված համայնքի ղեկավար, «Ռազ Բիլդինգ» ընկերության սեփականատեր, իրավաբան, տնտեսագետ Գևորգ Փարսյանի հետ։
Ի՞նչ իրավիճակ է համայնքում, քաղաքացիներն ինչպե՞ս են ապրում սահմանափակ տեղաշարժի պայմաններում։
Կապան քաղաքում ներկա դրությամբ մենք կորոնավիրուսով վարակակիր չունենք, հիվանդության դեպքեր այլևս չունենք։ Ինչ վերաբերում է ազատ տեղաշարժին, ապա կասեմ, որ այս տնտեսական սահմանափակումների որոշակի թուլացման հետևանքով մի փոքր ակտիվացել է քաղաքը, բայց էլի հսկողություն իրականացնում ենք։ Համայնքապետարանի կողմից երեք խումբ է ձևավորված․ մեկը՝ ազատ տեղաշարժվելու նկատմամբ հսկողության, երկրորդը՝ տնտեսական գործունեության սահմանափակման վերաբերյալ, երրորդն էլ՝ տնտեսվարողների մոտ սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման հսկողության խումբ։ Քաղաքում այս խմբերն անընդհատ, ամենօրյա շրջայցեր են կատարում, ինչպես նաև ոստիկանության ուժերն են աշխատում։ Գյուղերում էլ ձևավորել ենք արագ արձագանքման խմբեր, որոնք հսկողություն են իրականացնում, որպեսզի վարակը հնարավորինս չտարածվի։
Իսկ սոցիալական աջակցության ծրագրերին եթե անդրադառնանք, մարդիկ կա՞ն, որ, օրինակ՝ չեն կարողացել ստանալ աջակցություն, դիմել են համայնքապետարան կամ ստանալու հարցում խնդիրների են բախվել։
Դե, իհարկե, շատերն են դիմում մեզ, հնարավորինս օգնում ենք։ Նաև սննդի փաթեթներ են բարերարների, բարեգործների կողմից տրամադրվել համայնքապետարանին, համայնքապետարանն էլ իր հերթին, կամավորների միջոցով, երիտասարդական խորհրդի միջոցով, բաժանել է սոցիալապես անապահովներին։ Իսկ նրանք, որոնք կարող են սոցիալական աջակցություններից օգտվել, դիմում են, իսկ մենք ուղղորդում ենք իրենց։ Ով չի ստանում, չի կարողանում օգտվել՝ դիմում է մեզ, ինչով կարողանում, օգնում ենք, ֆինանսական օժանդակություն էլ ենք ցուցաբերում, սննդի փաթեթների տեսքով էլ։
Մարդիկ կարողանո՞ւմ են գնալ շինարարական աշխատանքների, կարողանո՞ւմ են հողագործական աշխատանքներով զբաղվել։
Մարդիկ բնականաբար արդեն անցել են այգեգործական աշխատանքների, այգիները մշակում են։ Զարմանալի է, բայց շատ ավելի ակտիվացել են հենց այգեգործական աշխատանքները, քան անցած տարիներին են եղել։ Գյուղատնտեսական աշխատանքները, կարելի է ասել, այս ժամանակաշրջանի համար եռում են։ Իսկ տնտեսական սահմանափակումները որոշակիորեն հանելուց հետո էլ շինարարական աշխատանքները շարունակվում են, վերսկսել են։
Իսկ գյուղատնտեսությամբ զբաղվողները դիմո՞ւմ են ինչ-որ հացերով, ի՞նչ հարցերով են պահանջներ ունենում, ի՞նչ խնդիրների առջև են կանգնում։
Այգիների մշակման հետ կապված, որպես այդպիսին, խնդիրներ չկան․ մարդիկ, իրենց հոգսերը քաշելով, մշակում են։ Հիմնական խնդիրներն առաջանում են դաշտամշակման ոլորտում՝ կապված տեխնիկայի չբավարարելու հետ։ Այստեղ էլ հնարավորինս ինչով կարողանում՝ օգնում ենք գյուղացիներին։
Գյուղմթերքի վաճառքի հետ կապված բողոքներ կա՞ն, սպառման հետ կապված։
Ինձ նման բողոքներ չեն հասել։
Ըստ Ձեզ՝ որպես նախկին գործարարի, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի բիզնեսները հնարավորինս քիչ վնասներով դուրս գան ստեղծված իրավիճակից։
Հնարավորինս շուտ պետք է հանել սահմանափակումները, մարդիկ անցնեն բնականոն կյանքի, աշխատանքի։ Պետք է վիրուսի հետ ապրենք՝ բոլոր կանոնները պահելով։