Բացել լրահոսը Փակել լրահոսը
պապ
A A
Հասարակություն

Ինչպես համացանցում հայտնի դարձած Արտուշ պապն իր հարգանքի տուրքը մատուցեց (տեսանյութ)

Այսօր առավոտից բոլորի ուշադրության կենտրոնում 82-ամյա Արտուշ Միրզոյանը։ Նա, չիմանալով, որ Ծիծեռնակաբերդ տանող մուտքերը փակ են, որոշել էր հարգանքի տուրք մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։ Թեեւ Արտուշ Միրզոյանը հայտարարել էր, որ չի գնալու տուն, քանի դեռ  ծաղիկները  չի դրել անմար կրակի մոտ, այնուամենայնիվ, նրան չթույլատրվեց։

Քիչ առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում էր, որ Արտուշ պապը ծաղիկներ է խոնարհում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի․․․ մանրակերտի վրա։  Մենք փորձեցինք գնալ այս պատմության հետքերով։ Ի դեպ, շատերն այսօր մեղադրեցին ՀՀ իշխանություններին, որ կարելի էր պապիկի դեպքում բացառություն անել։

Պարզվում է՝ «Լեդի Զոն» մարզակումբի հիմնադիր Անդրանիկ Նավասարդյանը դեռ վաղ առավոտից Դավիթաշենի թաղամասում գտնվող «Սուրիա» սուպերմարկետի դիմաց Հուշահամալիրի փոքր մանրակերտ էր տեղադրել , ծաղիկներ դրել, որպեսզի անցորդները և խանութի  հաճախորդները  իրենց հարգանքի տուրքը կարողանան մատուցել անմեղ զոհերի  հիշատակին այդ կերպ։

Լսելով Արտուշ պապի մասին՝  Անդրանիկ Նավասարդյանը և  ընկերը՝ Դավիթ Աղաջանյանը,  որոշում են  նրան տեղափոխել այս մանրակերտի մոտ:

Անդրանիկ Նավասարդյանը «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց՝ պապիկը ծաղիկները խոնարհելուց հետո տղաներին ասել էր՝ սիրտս շատ թեթևացավ:

Նշենք, որ  ֆեյբուքյան օգտատերերից մեկն էլ Արտուշ Միրզոյանի անունն էր  որպես հաղորդագրություն ուղարկել 1915թ-ին, որպեսզի նա դառնա վիրտուալ երթի մասնակից։