Հակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու գործով նախաքննությունն ավարտվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց գործով տուժող Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Գործի նյութերը տրամադրվել են նրանց՝ ծանոթանալու համար։
Հիշեցնենք, նախորդ տարի 12 տարվա վաղեմության տեսանյութ հրապարակվեց, որտեղ երեւում էր, թե ինչպես են ոստիկանները հակագազով եւ մահակով ցուցմունք կորզում բերման ենթարկված քաղաքացուց:
Հրապարակումից հետո տեսանյութի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ:
Մեղադրանք է առաջադրվել Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանին եւ Արաբկիրի ոստիկանության հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վ.Ս.-ին:
Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, փոխարենը տուժողը, ինչպես նաեւ երկու ոստիկան դեպքի հետ կապված ցուցմունք են տվել։ Տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը , նախաքննության գաղտնիքից ելնելով, այլ մանրամասներ չհայտնեց։
«Դատարանը պետք է ճանաչի նաեւ խոշտանգման փաստը, քանի որ տուժող կողմը գտնում է, որ ապացույցներով հիմնավորվել է երկու անձանց մեղավորությունը։ Պաշտոնական լիազորությունների անցման հոդվածով է գործը հարուցված, սակայն սա իսկապես խոշտանգում է եւ դատարանը պետք է ճանաչի խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը, որը տեղի է ունեցել տուժողի նկատմամբ»,- ասում է Արա Ղարագյոզյանը։
Փաստաբանը գտնում է, որ դատարանն այս գործով պետք է ղեկավարվի ՄԻԵԴ որոշումներով՝ հաշվի չառնելով վաղեմության ժամկետը․ «Եվրոպական դատարանը եւ Եվրոպական կոնվենցիան արգելում են նման գործերով վաղեմության ժամկետի կիրառումը»։
Ըստ Արա Ղարագյոզյանի՝ խոշտանգմամբ կորզված ցուցմունքի գործը եւս պետք է վերաբացվի եւ տուժողը պետք է արդարացվի, քանի որ անթույլատրելի ապացույցներով է նա դատապարտվել։ Ի դեպ, այդ գործով նրա պատիժը պայմանականորեն չի կիրառվել , սակայն այլ քրեական գործով ներկա պահին դատապարտյալ է։