ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը միտում է տեսնում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց :
Նախքան նիստը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ կես ժամ հետո՝ ժամը 14:30-ին․ քննվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու միջնորդության քննությունը և սա կարող է խնդիր առաջացնել:
ԲԴԽ անդամ Հայկ Հովաննիսյանը դիմեց նախագահին, ասելով, որ դատավոր Նաիրա Հովսեփյանի նշանակված գործը կարող են քննել այս գործի քննությունից հետո կամ նշանակել այլ օր:
Ռուբեն Վարդազարյանը դիմեց նրան՝ փաստորեն դուք հաջորդ նիստը ստորադասո՞ւմ եք այս նիստից, քանի որ իրավունքի խախտման խնդիր կարող է լինել: Հայկ Հովհաննիսյանն էլ իր հերթին մեկնաբանեց, որ չի ստորադասում հաջորդ նիստը, այլ առաջարկվում է շարժվել խորհրդի նշանակված ժամակացույցով:
Այնուհետև խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշվեց նիստի քննությունը սկսել, սակայն այս անգամ միջնորդություն ներկայացրեց ապրիլի 3-ից Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմեն Հայկյանցը: Նա նշեց, որ իր աշխատանքային պարտականությունները ստանձնել է երդման արարողությունից հետո՝ ապրիլի 21-ին, բավարար ժամանակ չի ունեցել ծանոթանալու գործի նյութերին:
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը առարկեց․
«Ես դեմ եմ միջնորդությունը բավարարելուն, քանի որ սա ոչ իհարկե պարոն Հայկյանցի կողմից, բայց արհեստական փորձ է այս վարույթը հետաձգելու, քանի որ ի սկզբանե ակնհայտ էր ձեր դիրքորոշումը, պարոն նախագահող, այս վարույթ հետաձգել իմ համար անհասկանալի պատճառներով»:
Միջնորդության հարցը քվեարկության դրվեց: Անդամները միաձայն կողմ քվեարկեցին միջնորդությանը և նիստը հետաձգվեց :
Հիշեցնենք՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ է ներկայացվել այն ժամանակ, երբ նա իր դիրքորոշումն է արտահայտել ԲԴԽ-ի կողմից լիազորությունները դադարեցված դատավոր Արայիկ Մելքումյանի մասին։