Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է․ ինչպե՞ս են իրականացվելու միջոցառումները՝ ապրիլի 24-ին (տեսանյութ)

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքն այսօրվանից փակ է՝ առողջական և կազմակերպչական անվտանգություններից ելնելով: Որոշումը պարետատան կողմից համապատասխան ակտում կհաստատվի։ Այս մասին տեղեկացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա հավաստմամբ՝  կորոնավիրուսով պայմանավորված որոշ սահմանափակումներից ելնելով՝ կառավարությունը քննարկել է ապրիլի 24-ին իրականացվելիք միջոցառումների կազմակերպչական հարցերը և որոշումներ է կայացրել:

Ըստ այդմ ՝ միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին: Երեկոյան ժամը 21:00-ին կհնչեն եկեղեցական զանգերի ղողանջներ, որի ժամանակ կմարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը: Քաղաքացիները այդ ժամին ևս կարող են մարել իրենց բնակարանների լույսերը և բջջային հեռախոսների միջոցով խորհրդանշել միասնական ներկայությունը անմար կրակի շուրջ: Լուսավառ ոգեկոչման րոպեն կուղեկցվի Ծիծեռնակաբերդից երաժիշտ Կամո Սեյրանյանի և Լիանա Ալեսանայանի «Արի իմ սոխակ» կատարման ներքո:

«Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 08։00-ից սկսած՝ քաղաքացիները կարող են Հայաստանից  հաղորդագրություն ուղարկել 19 15 կարճ համարին և 00 37 43 319 15 00 հեռախոսահամարներին՝ արտասահմանից, իրենց անվամբ հաստատելու իրենց մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդակցությունը ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվի հուշահամալիրի սյուներին: Ապրիլի 24-ին, ժամը 10:00-ից  մեկարկում են ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, Աժ նախագահի և Կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդ, խոնարհումի արարողությունը ուղեկցվելու է դաշնակար Հայկ Մելիքյանի նվագակցությամբ: Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմերկնարկի նույն օրը ժամը 22:00-ին՝ պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ: Ծրագիրն ընդգրկելու է տարբեր ժանրերի դասական և ժողովրդական ստեղծագործություններ և տևելու է մինչև լուսաբաց»,- ասաց նա:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ բոլոր գործողությունները կատարվել են այն նկատառումով, որ հիշատակի հանդեպ մեր ամենամեծ հարգանքը քաղաքացու անվտանգությունն է, և ամեն ինչ արվելու է յուրաքանչյուր քաղաքացու խորհրդանշական ներկայությունն ապահովելու համար: