«Սպարտակի» ֆուտբոլիստը վաճառել է մարզաշապիկները՝ մեկամյա հիվանդ երեխային օգնելու համար
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայի «Սպարտակի» պաշտպան Գեորգի Ջիկիան աճուրդով վաճառել է իր հավաքած բոլոր մարզաշապիկները և գումարը փոխանցել մեկ տարեկան Արտյոմ Ռոգովի օգնության հիմնադրամին՝ թանկարժեք վիրահատության համար:
Ռուսաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը «Россия 24» հեռուստաալիքով պարզաբանել է, թե երբվանից է սկսել ակտիվորեն զբաղվել բարեգործությամբ:
«Երբ տեղափոխվեցի «Սպարտակ», լավ պատկերացնում էի, որ այժմ ավելի ապահովված եմ լինելու ֆինանսապես: Ես հնարավորություն ստացա օգնելու մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեին: Այդ օրվանից սկսած, կարելի է ասել, վարում եմ բարեգործական կյանք:
Ինչ վերաբերում է վերջին պատմությանը, ապա դա իմ առաջին աճուրդն էր: Երեխայի մասին հայտնել էր իմ ընկերը: Վաճառքից բավականին գումար հավաքվեց: Հետո ինձ միացան նաև խաղընկերներս, որոնք նույնպես մարզաշապիկներ տրամադրեցին: Տեղյակ եմ, որ մյուս թիմերի ֆուտբոլիստները նույնպես ցանկանում են միանալ մեզ: Այնպես որ, գործընթացը շարունակվում է, և ամեն օր ես նոր օգնություն եմ ստանում», - ասել է Գեորգի Ջիկիան: