ԱԳՆ փոխնախարարն անդրադարձել է «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 14-ից առայսօր Հայաստան է վերադարձել մոտ 22 000 ՀՀ քաղաքացի։ Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը։
«Լինում են դեպքեր, երբ օբյեկտիվ պատճառներով այս կամ այն գործընթացը, որի արդյունքում ՀՀ քաղաացիները կվերադառնան Հայաստան, ձգձգվում են»,- նշեց փոխնախարարը։
Ավետ Ադոնցի խոսքով՝ անում են անհրաժեշտ բոլոր գործողությունները, որպեսզի ՀՀ քաղաքացիները Հայաստան վերադառնան։
Հարցին, թե ԱԳՆ-ն տեղեկություն ունի՝ ի՞նչ է կատարվում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, և քայլեր ձեռնարկվում են նոր թռիչքներ կազմակերպելու ուղղությամբ, Ավետ Ադոնցը նախ հիշեցրեց, որ ապրիլի 6-ից սկսած Մոսկվայից 3 թռիչք է կատարվել, իսկ Դոնի Ռոստովից և Կրասնոդարից էլ 2 թռիչք է եղել, և այդ գործընթացները շարունակվելու են։
«Շարունակվելու են մինչև վերջին ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացին չվերադառնա Հայաստան, որևէ մեկը չի մոռացվել»,- ասաց փոխնախարարը։
Ավետ Ադոնցն ասաց, որ պլանավորում են բոլոր համապատասխան գործողությունները ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ։
«Այդ քայլերը կիրականացվեն մոտ օրերս»,- ասաց Ավետ Ադոնցը։
Հարցին, թե գիշերը նրանց հանել են օդանավակայանի տարածքից, ի՞նչ տեղեկություն ունեն, Ավետ Ադոնցը հորդորեց ենթարկվել բոլոր այն կանոններին, որոնք առաջարկվում են տվյալ երկրների Կառավարությունների կողմից։
«Եթե այդ սահմանափակումները վերաբերում են, որ 2 հոգուց ավելի մարդու հավաք չպետք է լինի, ուրեմն չպետք է լինի, եթե պարտադրում են, որ դիմակ կրեն, ուրեմն պետք է կրեն։ Եթե պահպանվեն բոլոր թելադրվող կանոնները, և դրանք իրականացվեն, վստահ եմ, որ մենք որևէ խնդրի առաջ չենք կանգնի»,- ասաց նա։
««Դոմոդեդովոյում» հավաքվելու անհրաժեշտություն չկա։ Կոչ եմ անում լսել և համագործակցել մեր դեսպանության հետ»,- ընդգծեց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ ՀՀ քաղաքացիները գտնվում էին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և չէին ցանկանում լքել տարածքը՝ հրաժարվելով ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան առաջարկած կացարանից եւ սնունդից։
Օդանավակայանում գտnվող հայերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ նրանց հանել են օդանավակայանի տարածքից: