Գեղարքունիքի մարզպետը՝ Գեղամասարի դպրոցի այրված տանիքի մասին
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել․
Գեղամասար համայնքի Նորաբակ բնակավայրի միջնակարգ դպրոցի շենքն արդեն պետական միջոցների հատկացման շնորհիվ ունի նորակառույց տանիք: Դպրոցի տանիքը հրդեհվել էր նախորդ տարվա նոյեմբերի 27-ի գիշերվա ընթացքում:
Չնայած փրկարարների գործադրած ջանքներին՝ տանիքն այրվել էր գրեթե ամբողջությամբ՝ շուրջ 570 քառակուսի մետր մակերեսով: Անմիջապես դեպքի վայր էի ժամանել եւ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար դիմել ՀՀ կառավարություն: ՀՀ կառավարության կողմից տանիքի վերականգման համար հատկացվեց 13, 5 միլիոն դրամ, իսկ շինարարը մրցույթը շահեց 10 միլիոն 750 հազար դրամով:
Շինարարական աշխատանքները մեկնարկեցին այս տարվա մարտին եւ պետք է ավարտվեն մայիսին՝ երկամսյա ժամկետում: Ապրիլի 13 -ի դրությամբ արդեն ամբողջովին տեղադրված է փայտյա ծածկը եւ թիթեղյա տանիքը, տեղադրված են 12 ջրհորդաններ, մետաղյա եզրային ճաղավանդակներ:
Շինարարներին մնացել է հակահրդեհային եւ հականեխիչ նյութերով մշակել տանիքի ծածկի փայտյա մասը։ Հրդեհից առաջ ևս մենք ունեինք շենքի տանիքի ոչ բարվոք պատկեր: Դեռ խորհրդային տարիներից ժառանգած շիֆերյա ծածկով տանիքից կաթոցներ կային բազմաթիվ տեղերից։