Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Շուրջ 55 կազմակերպությունների գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է. Աշոտ Հարությունյան (տեսանյութ)

 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության վարչության պետ Աշոտ Հարությունյանը այսօր ներկայացրեց այն կանոնները, որով պետք է առաջնորդվեն  կազմակերպությունները, որոնց գործունեությունը արգելված չէ արտակարգ դրության պայմաններում:

Աշոտ Հարությունյանի խոսքով՝ կորոնավիորսային հիվանդությունը կանխելու համար կազմակերպությունները պետք է աշխատակիցների համար ապահովեն պայմաններ`  ջուր, օճառ, ձեռքերի ախտահանիչներ, եռաշերտ դիմակներ և ձեռնոցներ: Յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայությունը պարտադիր է, պետք է լինեն նաև փակվող աղբամաններ օգտագործված դիմակների համար: Ամեն օր աշխատանքի սկզբում և վերջում՝ առնվազն 2 անգամ պետք է աշխատակիցները ջերմաչափվեն: Կազմակերպության ախտահանման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80 տոկոս սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր և աշխատակիցների միջև ապահովել  նվազագույնը երկու մետր հեռավորություն՝ միաժամանակ ապահովելով հանդերձապահարաններով՝ հնարավորինս սահմանափակելով ներգնա և արտագնա գործողումները: Իսկ շնչառական հիվանդություն ունեցող աշխատակցի բացակայությունը համարել հարգելի: Վիրուսի ախտանիշ ունեցող աշխատակցի դեպքում առանձնացնել նրա հետ շփում ունեցող անձանց շրջանակը և զանգահարել Առողջապահության թեժ գիծ:

«Այս ժամանակահատվածում տեսչական մարմինը իրականացրել է ավելի քան 487 կազմակերպություններում մշտադիտարկումներ, կազմվել են հաշվետվություններ, և շուրջ 55 կազմակերպությունների գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է պարետի համապատասխան որոշումներով: Խախտումները հիմնականում առևտրի վայրերում հաճախորդների հետ հաճախակի շփում ունեցող աշխատակիցների կողմից դիմակներ չկրելու, տնային և սանիտարական արտահագուստ չունենալու և  ծորակներ չունենալու խնդրի հետ են կապված եղել»:

Աշոտ Հարությունյանը նշեց, որ աշխատողների անվտանգության և առողջության ապահովման անհատական պաշտպանության բոլոր միջոցների տրամադրման պարտականությունը կրում է գործատուն, և հորդորեց աշխատողներին կիրառել այդ բոլոր միջոցները և պահպանել գործատուի կողմից սահմանված կանոնները:

Նա տեղեկացրեց, որ Տեսչական մարմնի մեկուսացված և ինքնամեկուսացված շուրջ 30 աշխատակիցների բոլորի թեստերը եղել են բացասական, իսկ վարակված երկու աշխատողների վիճակը լավ է: