Ինչո՞ւ է Իտալիայում և Մալթայում ՀՀ դեսպանը հետ կանչվել
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Հանրապետությունում եւ Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը (նստավայրը՝ Հռոմ) հետ է կանչվել զբաղեցրած պաշտոնից։
«Ա1+»-ը հետկանչի պատճառների մասին իմանալու համար կապ հաստատեց Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հետ։
«Արտաքին գործերի նախարարությունում գոյություն ունի բնականոն ռոտացիոն կարգ, և այդ հրամանը պետք է դիտել այդ համատեքստում։ Մեզ մոտ կա դիվանագետների, դեսպանների ռոտացիոն կարգ, ըստ որի՝ նրանք նշանակվում են որոշակի ժամանակով»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը։
Հարցին՝ ո՞վ է հաջորդ դեսպանը լինելու, Նաղդալյանը պատասխանեց, որ չի կարող ասել, մինչև նախագահի հրամանագիրը չլինի․ մինչ նախագահի հրամանագիրը դեսպանների նշանակման և հետ կանչման վերաբերյալ մեկնաբանություն ԱԳՆ-ն չի տալիս։
ՀՀ Սահմանադրության 132-րդ հոդվածի (Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառում) 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին.
Նշենք, որ Վիկտորիա Բաղդասարյանը Մալթայում և Իտալիայում դեսպան է եղել 2016 թվականից։