Բացել լրահոսը Փակել լրահոսը
92289632_814779702366181_4366674583915331584_o
A A
Պաշտոնական

Կոտայքում այս տարի 200 հա-ով ավելի գարնանացան կիրականացվի

2020 թվականի գարնանը Կոտայքի մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից նախատեսվում է կատարել 8852 հա գարնանացան մշակաբույսերի ցանք (նախորդ տարվանից 200 հա-ով  ավելի), այդ թվում՝ գարնանացան գարի՝ 3875 հա, գարնանացան ցորեն՝ 140 հա, այլ հացահատիկ /հաճար/՝ 2450 հա, հատիկաընդեղեն՝ 230 հա, վարսակ՝ 146 հա, տեխնիկական մշակաբույսեր՝ 63 հա, բազմամյա խոտերի ցանք՝ 402 հա, բանջարեղեն՝ 905 հա, կարտոֆիլ՝ 641 հա:

Այսօրվա դրությամբ կատարվել է ավելի քան 1600 հա գարնանացան գարու ցանք: Ցանքին զուգահեռ ընթանում են պտղատու այգիների էտի ու բուժման, ինչպես նաև աշնանացան հացահատիկի ցանքերի սնուցման աշխատանքներ:

Հարկ ենք համարում ավելացնել, որ 2019 թվականի աշնանը մարզում կատարվել էր 3910 հա աշնանացան ցորենի ցանք: Ցանքատարածությունները ձմեռացումը անցկացրել են հիմնականում ծլարձակման փուլը չավարտած՝ առավել ևս առանց թփակալման: Պարարտացման և բուժման աշխատանքները աշնանացանի ցանքերում խիստ անհրաժեշտություն է կայուն բերք ապահովելու համար:  

Ընթացքի մեջ են գյողատնտեսական կենդանիների արյան նմուշառման և կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների իրականացման աշխատանքները /դաբաղ, բրուցելյուզ/:

Նշենք, որ մարզից գյուղացիական տնտեսությունները հիմնականում ապահովված են սեփական արտադրության սերմացուներով, վերջիններիս կողմից  այսօրվա դրությամբ ձեռք է բերվել շուրջ 350 տոննա ազոտական պարարտանյութ:  

Հանրապետությունում առկա իրավիճակի պայմաններում ներկրման աշխատանքները դադարեցվել են. այն կվերսկսվի ապրիլի 14-ից /Վրաստանից/:

Ապրիլի 9-ի դրությամբ Կոտայքի մարզից շուրջ 545 շահառուներ դիմել են ՀՀ գյուղատնտեսության պետական աջակցության` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին և անցել համապատասխան առցանց հավաստագրման փուլը:  

Հայտատու շահառուներից 65%-ը ներդրումները պատրաստվում են ուղղել անասնապահության բնագավառ (մոտավորապես 50-55%-ը միայն անասնապահություն), մյուս մասը ըստ հերթականության` դաշտավարություն, այգեգործություն, ջերմատնային տնտեսություն և այլն: Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են հիմնականում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից:

Ինչ վերաբերում է ոռոգման ցանցին, ապա պիտի փաստենք, որ  «Կոտայք» ՋՕԸ-ն ամբողջ ծավալով իրականացնում է նախապատրաստական աշխատանքները: Վերջիններս հավաստիացրել են, որ ոռոգման սեզոնը մեկնարկելուն պես համակարգը ամբողջովին պատրաստ կլինի գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու աշխատանքներին:  «Կոտայք» ՋՕԸ-ի կողմից այսօրվա դրությամբ իրականացվել է  0,5 կմ ոռոգման ցանցի նորոգման, 8.28 կմ ոռոգման ցանցի մաքրման և 4 ՀՏԿ- երի ջրաչափական դիտակետերի նորոգման աշխատանքներ:

Կոտայքի մարզում գյուղացիական տնտեսությունները լիարժեք պատրաստ են իրականացնելու գարնան գյուղատնտեսական շրջանի աշխատանքները: Խոչընդոտ հանդիսացող միակ գործոնը եղանակային պայմաններն են:

Հուսանք, որ բնությունը  բարեհաճ կգտնվի մեր գյուղացիական տնտեսությունների հանդեպ և եղանակային որևէ տհաճ անակնկալ չի խանգարի գյուղատնտեսական տարվա ավարտին ցանկալի արդյունքներ արձանագրելու համար: