Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rusastan
A A
Սպորտ

Պրոֆեսիոնալ սպորտն այս պահին առաջնային չէ. Ռուսաստանի սպորտի նախարար

Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը խոսել է այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսի պանդեմիան ազդել երկրի սպորտային կյանքի վրա:

«Վարակի տարածման պատճառով մենք ստիպված դադարեցրել ենք մոտ 1000 սպորտային միջոցառումներ: Սկզբում որոշ ֆեդերացիաներ ցանկանում էին մրցաշարերն անցկացնել առանց հանդիսականների, սակայն հետո որոշեցին հրաժարվել այդ մտքից: Դա վկայում է այն մասին, որ բոլորը համախմբված են կորոնավիրուսի դեմ պայքարում:

Այն, թե ինչպիսի հարված կհասցնի պանդեմիան սպորտին, պարզ կդառնա դրա ավարտից հետո: Առայժմ սպորտը մեծ վնասներ է կրում, քանի որ մեր հովանու տակ գտնվում են 5 հազար սպորտային կազմակերպություններ, որտեղ մարզվում են 3 մլն մարզիկներ:

Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ սպորտին, ապա այն այժմ մեր համար առաջնային չէ: Այդ կազմակերպությունները կարող են դիմել օգնություն ստանալու համար, բայց նախարարությունը չի կարող իր վրա վերցնել այնպիսի պարտականություններ, որոնք չեն մտնում իր իրավասության մեջ: Այժմ հարկավոր է վերանայել որոշ օրենքներ: Մեր համար կարևորը մարդկանց պաշտպանվածությունն է», - ասել է նախարարը:

Հավելենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ռուսաստանում արդեն լուծարվել են մի քանի ֆուտբոլային և հոկեյի թիմեր, որոնք հիմնականում ֆինանսավորվում էին տեղական իշխանության բյուջեից: