Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ․ վարչապետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ կառավարության նիստին։

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Հույս ունեմ՝ բոլորդ առողջ եք:

Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը մեկ-երկու տեղեկատվություն եմ ուզում փոխանցել: 

Հարգելի գործընկերներ, 

գիտեք, որ կառավարությունը հակաճգնաժամային 9 միջոցառում է ընդունել, և այդ միջոցառումները հերթով արդեն սկսում են գործել: Այս պահի դրությամբ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ: Ես ուզում եմ ասել, որ այս թիվը մեր նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է: Նկատի ունեմ՝ հընթացս կլրացվի: Կառավարությունն արդեն իսկ հրապարակել է այն էլեկտրոնային պատուհանը, որով քաղաքացիները կարող են ստուգել՝ արդյո՞ք իրենք տվյալ սոցիալական ծրագրերի շահառու են, թե ոչ: Այս օրերին բազմաթիվ շահառուներ իրենց անունները չեն գտել, բայց ես ուզում եմ ասել, որ ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում ենք տվյալները: Եվ, իհարկե, բազան մի քանի օրվա ընթացքում՝ ամենաուշը հաջորդ շաբաթվա սկզբին, կամբողջանա, և ամբողջ օգնությունն ու աջակցության փաթեթներն արդեն հասանելի կլինեն բոլոր քաղաքացիներին, ովքեր ծրագրերի շահառու են հանդիսանում:

          Նաև ուզում եմ ընդգծել որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության բանկերը շուրջ 290000 քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ՝ 9,3 մլրդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձանց՝ 15,4 մլրդ դրամի չափով: Ես հույս ունեմ, որ արձանագրեցիք թվերը: Կան բոլոր հիմքերը՝ ասելու, որ այս պրոցեսը կշարունակվի։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս որոշումները կայացվել են կառավարության կողմից առանց որևէ վարչական ներգործության: Ես սա շատ կարևոր եմ համարում ընդգծել, որովհետև ճգնաժամի մեկնարկին շատ գործընկերներ, ուժեր մեզ փորձում էին դրդել, որպեսզի մենք վարչական որոշում կայացնենք, որը կպարտադրվի բանկերին, բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով: Եվ այն, որ բանկային համակարգը, իհարկե, մեր քաղաքական հորդորներին արձագանքել է, վկայությունն է այն բանի, որ ամենազգայուններից մեկը համարվող այդ համակարգը վստահություն է տածում կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ: Սրա մասին վկայում են նաև շուկայում տեղի ունեցող պրոցեսները. մի քանի օրվա որոշակի լարվածությունից հետո արտարժույթի շուկան և ընդհանրապես բանկային համակարգը գտնվում են շատ հանդարտ վիճակում: Ընդհակառակը, վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում: Ընդ որում՝ կան արդեն իսկ տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիների կողմից դոլարային ավանդները փոխարկվում են դրամային ավանդների, ինչն ամենավառ ապացույցն է այն բանի, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ կա վստահություն:

          Ընդհանուր առմամբ, այսօր դաշտում բազմաթիվ են առաջարկները, թե ինչ պետք է անի կառավարությունը, և, անկեղծ ասած, երբեմն այդ առաջարկությունների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք, ըստ էության, բավական երկար ժամանակ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք: Կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը: Եվ մեր քայլերը, իհարկե, մենք կլսենք բոլորին, հաշվի կառնենք առաջարկները, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ: Ընդ որում՝ մեր ռազմավարության մրցունակության առումով, կարծում եմ, կարևոր է արձանագրել, որ ճգնաժամը մեր երկրի տնտեսության զարգացման մեր ռազմավարական պատկերացումների մեջ, ըստ էության, շատ բան չի փոխել, և մեր ռազմավարական առաջնահերթությունները մնում են նույնը, ինչ նախկինում: Այնպես որ, մենք հստակ քայլերով գնալու ենք առաջ, շարունակելու ենք հակաճգնաժամային միջոցառումների ընդունումը: Այսօրվա օրակարգում ևս մեկ հակաճգնաժամային միջոցառում կա ընդգրկված, որը քիչ անց կքննարկենք:

          Այժմ ես ուզում եմ անդրադառնալ կորոնավիրուսի շուրջ ստեղծված վիճակին: Երեկ մենք իրականացրել ենք 236 թեստ, որից դրական է 28-ը: Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը, մանավանդ նոր բուժվածների թիվն էլ 24 է: Եվ մենք առաջիկայում սպասում ենք բուժվածների թվի որոշակի աճ, նաև՝ մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների որոշակի աճ: Մենք վաղը պարետատանը կքննարկենք մեր հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ պիտի գործեն: Բայց այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետևյալն է, որ մենք, ինչպես հայտնել ենք, վաղվանից արդեն ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն: Այսօր նաև առավոտյան խորհրդակցություն ենք ունեցել, և նախարարը պարզաբանել է այս համատեքստում՝ ինչ պետք է անենք: Առաջին փուլում հնարավոր է, որ այդ թեստերի թիվը 1000-ի չհասնի, որովհետև, այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ցուցում լինի, այսինքն՝ ուղղակի մարդկանց առանց որևէ չափանիշի հրավիրել և թեստավորել ուղղակի կլինի ժամանակի և ռեսուրսի անիմաստ կորուստ: Վաղվանից մենք ցուցումով մարդկանց, մասնավորապես՝ բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիներին  հանրապետությունում, ենթադրում եմ, այլ վիրուսային հիվանդություններ ունեցող այլ քաղաքացիներին պարտադիր կթեստավորենք և արդյունքներով թերևս ավելի ամբողջական պատկերացում կկազմենք մեր ընթացիկ իրավիճակի մասին: Չնայած վերջին օրերի քննարկումները մեզ բերում են այն եզրակացության, որ մենք ընդհանուր առմամբ արդեն տիրապետում ենք իրավիճակին, և պարզ է մոտավորապես, թե ինչ է կատարվում:

          Եվս մեկ ճշտում եմ ուզում անել կորոնավիրուսի հաստատված դեպքերի կապակցությամբ: Տեղեկացնեմ, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք այս թեմային վերաբերող ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք և ստեղծել ենք թվային համակարգ, որտեղ օնլայն ռեժիմով գործնականում թարմացվում են տվյալները, և այս ճշգրտումների ընթացքում մենք հայտնաբերել ենք 12 անճշտություն: Իհարկե, ևս մեկ անգամ կստուգվի այդ անճշտությունը։ Հետևաբար ընդհանուր թվի հաշվառման առումով մենք պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 921 դեպք: Առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք: Այսինքն՝ այսպիսի անճշտությունները տոկոսային հարաբերությամբ հնարավոր են, որովհետև դա կապված է լինում երբեմն պացիենտին մի հիվանդանոցից մյուսը տեղափոխելու հետ, դրական ախտորոշումից հետո ախտորոշման վայրից դուրս գալու և դեռևս որևէ բուժհիմնարկում դե յուրե չգրանցվելու հետ: Սա, իհարկե, մեծ բան չի փոխում մեր տվյալների մեջ, բայց մեր աշխատանքի թափանցիկության սկզբունքին հավատարիմ մնալով՝ այսպիսի անճշտություններ եթե լինեն, մենք ժամանակ առ ժամանակ կուղղենք»: