Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստեփան Գրիգորյան
A A
Քաղաքականություն

Եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնվի, նշանակում է՝ պետք է հաշտեցման գնա նախկին ռեժիմի հետ․Ստեփան Գրիգորյան

 «Լևոն Տեր-Պետրոսյանը մտահոգված է, որ այս լարված իրավիճակը կազդի մեր անվտանգությանը»։ Այսպես է արձագանքում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակված հոդվածին։

Առաջին նախագահը Կառավարությանն առաջարկում է քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել Արտակարգ դրության պարետի և Առողջապահության նախարարի հրահանգներին և խստորեն կատարել նրանց հանձնարարականները։

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ սրանով առաջարկվում է հակահարված տալ այն սուտ լուրեր տարածողներին, որն իրականացնում են նախկին իշխանությունների ազդեցության ներքո գտնվող ԶԼՄ-ները։ Իսկ որո՞նք են քարոզչական ու դատիարակչական միջոցները․Ստեփան Գրիգորյանն առաջարկում է հարցն ուղղել առաջին նախագահին՝ հստակ պատասխանը ստանալու համար, ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքից հետևյալն է հասկացել․

«Այն ԶԼՄ-ները, որոնք սուտ և ատելություն են տարածում, դրա հետ կապված պետք է բացատրական աշխատանքներ տանեն նաև հասարակության հետ։ Հանրությանը տեղեկացնեն, բացատրեն՝ որն է ճիշտ, որը՝ սուտ, ու այո, դրա համար պետք է ջանքեր գործադրել»,- նկատեց քաղաքագետը։

Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը, թե պետք է սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը, որն ըստ նրա՝ ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում, Ստեփան Գրիգորյանը չի ընդունում։ Հիշեցնում է, որ գործող իշխանության վարկանիշը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի բաձր վարկանիշով։ Իսկ վարչապետի բարձր վարկանիշն էլ՝ կոռուպցիայի դեմ պայքարով, Մարտի 1-ի, ապրիլյան պատերազմի հանքամանքների բացահայտմաբ և այլ գործոններով։

«Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնվի այդ առաջարկների հետ, ստացվում է, որ ինքը պետք է համաձայնվի չուսումնասիրել ապրիլյան պատերազմի հանգամանքները։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հաշտեցման գնա նախկին ռեժիմի հետ, քանի որ ստացվում է, որ իրենց լրատվամիջոցները կարողանում են հուժկու հարվածներ հասցնել Նիկոլ Փաշինյանին։ Ես մտավախություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը դրա պատճառով կարող է ընկնել։ Մեր ժողովուրդը չի սիրում, երբ որ իր լիդերը գնում է ինչ-որ սակարկությունների նախկին հանցավոր ռեժիմի առանձին տարրերի հետ»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետը հարց է բարձրացնում՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքի սառեցման գինը ո՞րն է, եթե մարդիկ, որոնք մեղավոր են, իրենց կատարածի համար պատասխան չեն տալու։ Իր իսկ հարցին պատասխանելով, Ստեփան Գրիգորյանը նշում է՝ գինը շատ թանկ է, հարցը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, այլև հասարակությունն է, որը ծանր վիճակում կհայտնվի։

«Նիկոլ Փաշինյանին չեն ընտրել նրա համար, որ ինքը գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնի, նրան ընտրել են, որ երկրում արդարությունը հաստատի»,- շեշտեց Ստեփան Գրիգորյանը։

Ըստ քաղաքագետի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վարկանիշով։ Իր կոչերին լսում են, նույնիսկ, եթե կան որոշումներ, որոնց հետ համաձայն չեն, ապա վարչապետի հեղինակությունը ապահովում է քաղաքական կայունություն։

«Հիմա, եթե ինքը հրաժարվում է այն հիմնահարցերից, որի վրա խարսխված է իր ռեյտինգը, ապա ես վախենում եմ, որ լուրջ խնդիրներ կլինեն»,- նկատեց նա։

Ի՞նչ վերաբերում է առաջին նախագահի հորդորին, որով առաջարկվում է վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին և իշխանության նոր մարմինների շուտափույթ ձևավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը, Ստեփան Գրիգորյանը նկատում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ Արցախում կայունությունը շատ կարևոր է։ Քաղաքագետը համաձայնում է՝ ընտրությունների արդյունքներից դժգոհողները քիչ չեն, հակառակը՝ շատ են, բայց առաջարկում է մինչև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելը քաղաքական ուժերը կլոր սեղանի շուրջ երկխոսեն։

«Մեզ պետք չի, որ Արցախում իշխանության վակուում լինի։ Այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ մինչև նոր իշխանությունների ձևավորվելը մեծ բողոքներ լինեն։ Դա մեզ ձեռնտու չէ։ Այս դեպքում կամ պետք է ընտրությունները որոշ ժամանակով հետաձգել, կամ էլ նստել սեղանի շուրջ ու քննարկում ունենալ բոլոր կողմերով»,- նշեց նա ու հավելեց դժգոհ մնացած ուժերի մտահոգությունները պետք է փարատվեն։ Ըստ նրա՝ Արցախի նախագահական ընտրությունների առաջին փուլում առավել ձայն ստացած թեկնածուն՝ Արայիկ Հարությունյանը հակված է երկխոսության գնալ։