Բացել լրահոսը Փակել լրահոսը
92139637_780179419172394_3872016577595441152_n
A A
Հասարակություն

Ինչպե՞ս լինել մեկուսացված և հոգեպես առողջ․ զրույց հոգեբանի հետ

Կորոնավիրուսով պայմանավորված՝ արտակարգ դրության հայտարարումից ի վեր Հայկական Կարմիր խաչի ընկերության սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն ուղղված զանգերն ավելացել են։ Զանգահարողները Հայաստանի ամբողջ տարածքից են, տարբեր տարիքային խմբերից։

Ի՞նչ հարցերով են քաղաքացիները դիմում կենտրոն, ի՞նչ օգնություն են ցուցաբերում նրանց, ու առհասարակ ի՞նչ են խորհուրդ են տալիս մեր քաղաքացիներին․ «Ա1+»-ը զրուցել է կենտրոնի հոգեբան Արմիդա Զախարյանի հետ։

Կենտրոնի 5 հոգեբանները հոգեթերապևտիկ աշխատանք չեն կատարում, քաղաքացիներին միայն հոգեբանական առաջին օգնություն են ցուցաբերում։ Քաղաքացու կարիքներից, որոշ առանձնահատկություններից, տվյալ պահին նրա ապրումններից ելնելով՝ հոգեբանները կատարում են իրենց աշխատանքը։ Ամենակարևոր գործոնն, ըստ Արմիդա Զախարյանի՝ լսելն է, քաղաքացուն ժամանակ տրամադրելն, ու եթե անձի մոտ բարձր հուզականություն, տագնապայնություն է նկատվում, դա մեղմելն է։

Արմիդա Զախարյանի դիտարկմամբ՝ քաղաքացիների մոտ անորոշության զգացում, տեղեկատվության պակաս կա, հաճախ նույնիսկ թյուր ինֆորմացիայի են տիրապետում, որովհետև սոցհարթակներում իրարամերժ ինֆորմացիան շատ է, և մարդիկ տարակուսանքի մեջ են, չգիտեն՝ ինչին հավատան, ինչին՝ ոչ։

«Օրինակ՝ տարեցները, որոնք որոշակի խոցելիություն ունեն, նաև լսում են, որ այս հիվանդությունը ավելի խոցելի է իրենց դարձնում, բնականաբար տագնապայնությունն ավելի շատ է լինում։ Իրենց հետ աշխատանքը շատ կարևոր է, եթե ընտանիքի անդամներն են զանգում, ապա որոշակի մոտեցումներ ենք առաջարկում, որպեսզի կարողանան ճիշտ շփվել, ներգրավվել ընտանեկան զրույցներում, բայց զերծ պահել սթրեսային գործոններից։ Տարեցներին, օրինակ՝ շատ տեղեկատվություն տալը ցանկալի չէ»,- նկատեց Արմիդա Զախարյանը։

Կենտրոն զանգողները նաև մեկուսացված քաղաքացիներն են, որոնց թեստի պատասխանները բացասական են եղել, բայց շփում են ունեցել կորոնավիրուսով վարակվածի հետ։ Հոգեբանն ընդգծեց՝ անկախ թեստի բացասական լինելուց, նրանց հոգեվիճակը ծանր է։ Մեկուսացումն ինքնին բարդ հոգեբանական վիճակ է ստեղծում, չէ՞ որ մարդու օրգանիզմը դրա կարիքը չունի, բայց նա պարտավոր է դա անել։

«Նաև մեղքի թեթև զգացում ունեն, թե ինչու են շփվել, գիտեին, որ չէր թույլատրվում, բայց շփվել են, որովհետև հորդորը՝ չշփվելու և սոցիալական հեռավորություն պահելու ավելի վաղ էր հայտարարված, բայց ժողովուրդը քիչ-քիչ լրջացավ։ Ի սկզբանե կային տարբեր միֆեր, օրինակ՝ ես երիտասարդ եմ, ինձ ոչինչ չի լինի, դա տարեցների համար ավելի վտանգավոր է։ Այդ ինֆորմացիան ունենալով իսկ՝ որոշ խախտումներ եղան»,- նկատեց տիկին Զախարյանը։

Հոգեբանը չի բացառում, որ զանգողների մեջ լինեն նաև վարակակիրներ, որոնք չեն ցանկանում ասել դրա մասին։ 

«Իմ խնդիրը դա պարզելը չէր, իմ խնդիրը պարզելն է, թե ինչ խնդիր և կարիք ունի տվյալ անձը, և ինչքանով կարող եմ ես իրեն օգնել»,- նկատեց նա։

Քաղաքացիների մոտ վախը տարբեր կերպ է արտացոլվում։ Օրինակ՝ ագրեսիվություն են ցուցաբերում, կան մարդիկ, որոնց մոտ անքնություն է առաջացել, որոշներն էլ ուտելիքից են հրաժարվում, կամ էլ հակառակը՝ շատ ուտում։

«Այս ֆոնին, մարդու մոտ «արթնանում» են նաև հին վախերը, որոնք մանկությունից կամ այլ հանգամանքների բերումով են առաջացել։ Այսինքն՝ նոր վախերը արթնացնում են հինը, ինչն իրավիճակն ավելի է սրում։ Այդ իրավիճակում մեր խնդիրը հնարավորության սահմանում հետևանքները մեղմելն է»,- նշեց Արմիդա Զախարյանը։

Հոգեբանը հանրության մոտ խուճապ նկատում է, մարդիկ մտահոգ են, չգիտեն՝ որքան այս ամենը կտևի։ Բացի այդ, շատերն այս ընթացքում հարկադիր պարապուրդի են մատնված, գումար չեն աշխատում, ինչն իր հերթին խուճապն ավելացնում է։ Նա հանրությանը հորդորում է առաջին հերթին ընդունել իրողությունն այնպիսին, ինչպիսին կա։

Ասում է՝ ոչ թե տագնապի մեջ ընկենք, թե վա՜յ, ինչ կլինի, այլ հակառակը՝ ինչ կարող եք անել, որպեսզի իրավիճակը հնարավորինս շուտ շտկվի։ Կարանտինն էլ դիտարկում է որպես մեծ հնարավորություն, եթե նախկինում ինչ-որ բան չէիք հասցնում անել, հիմա կարող եք։

«Յուրաքանչյուր բացասկան երևույթ ունի իր դրական կողմը, պետք է կարողանանք այդ դրականը տեսնել։ Տանը ֆիզիկական աշխատանքներ կատարեք՝ մարզանքների տեսքով, փորձեք առողջ կենսակերպ վարել։ Երեխաների հետ ճիշտ շփվեք, ընտանիքի հետ կապերը վերանայեք»,- ընդգծեց տիկին Զախարյանը։

Հոգեբանը խորհուրդ է տալիս նաև շատ չսևեռվել կորոնավիրուսով վարակվածների թվի աճի կամ նվազման վրա։ Օրինակ, երբ թվերը նվազում են, մարդիկ ոգևորվում են, բայց գուցե հաջորդ օրը թվերն ավելանան։ «Պետք է մարդուն «արթուն» պահել, բայց ոչ մի սահմաններ ու ժամանակահատված չտալ»,- շեշտեց հոգեբանը։

Սոցհարթակներում կորոնավիրուսի և դրա հետ կապված իրադարձությունների վերաբերյալ հումորներն անվերջանալի են։ Օգտատերերը փոձում են իրավիճակը փոքր ինչ մեղմել, բայց մարդկանց մի խումբ էլ կա, որոնք այս իրավիճակում դա համարում են անլրջություն։

Հոգեբանի համոզմամբ՝ հումորն իրավիճակն իրոք մեղմում է, այն դրական է ազդում մարդկանց վրա։

«Չպիտակավորող հումորները սոցհարթակներում դրական կարող են ազդել իրավիճակի վրա։ Ամեն դեպքում ծիծաղելու ընթացքում սևեռուն մտքերը հեռանում են։ Սկզբնական շրջանում նեգատիվը շատ էր, նկատվում էր պիտակավորում, մեղադրանք վարակվածների նկատմամբ: Կարծես իրավիճակը այդ առումով մեղմացել է։ Մեր խնդիրն այդ իրազեկվածության մակարդակը բարձրացնելն է»,- նշեց նա։