Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Միասնական քննությունների խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում․ փոխնախարար (տեսանյութ)

Մարզերից և Երևան քաղաքից ստացած տվյալների համաձայն՝ աշակերտների և ուսուցիչների որոշ խմբեր ապահովված չեն հեռավար կրթությանը մասնակցելու համար անհրաժեշտ սարքավորումներով : Խոսքը 24 հազար սարքերի պակասի մասին է, սակայն այդ թվերը դեռևս ճշգրտման կարիք ունեն. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա տեղեկացրեց, որ մարտի 29-ին Խ. Դաշտենցի ավագ դպրոցում հավաքագրվել են  համակարգչային սարքավորումներ, որոնց մի մասը նոր է եղել և տրամադրվել է մարզերին: Նվիրատվություններն եղել են ինչպես անհատների, այնպես էլ  կազմակերպությունների կողմից:

«Կրթական տեխնոլոգիաների  ազգային կենտրոնի միջոցով վերապատրաստման արագացված դասընթացներ են կազմակերպել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ուսուցիչների համար: Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն կապի մատչելի սակագնի  համար, որպեսզի շատերը կարողանան կրթական ծառայություններից օգտվեն»:

Ժաննա Անդրեսայանը, անդրադառնալով կրթության ոլորտին, նշեց, որ այս պահին մի քանի սցենարներ են քննարկվում, թե ինչպես պետք է շարունակեն իրականացնել ուսումնական գործընթացը: Մոտեցումը լավատեսական է, բայց պատրաստ են նաև մյուս տարբերակներին: 

«Միասնական քննությունների խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում, մշակվում են  քննությունների կազմակերպման և իրականացման ձևեր, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով իրականացնելու համար: Հեռավար կրթության մեխանիզմը կարող է հետագայում կիրառվել նաև  երկարատև հիվանդության կամ մրցաշարերի դեպքերի ժամանակ»:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ սարքերը տրամադրվում են առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքներին, որտեղ կա առնվազն  երկու և ավելի աշակերտ: Համագործակցություն է ստեղծվել միջազգային կազմակերպությունների հետ, և մի քանի հարյուր սարքավորումներ կտրամադրվի նաև այդ կազմակերպությունների կողմից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, անդրադառնալով մշակույթի ոլորտին նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակութային կենտրոնների հանդեպ ոչ միայն չի նվազել, այլ նկատվում է նույնիսկ շեշտակի աճ: 

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ազգային ակադեմիական թատրոնը   ապրիլի 17-ից մինչև ապրիլի 5-ը իր ֆեյսբուքյան էջում հեռարձակել է 6 ներկայացում և ունեցել է 326 հազար դիտում, նշված ժամանակահատվածում դիտումների քանակը անցնում է 846 հազարը:  Թատրոնի ֆեյսբուքյան հետևորդների թիվը ավելացել է 5000 ով, որը առանց գովազդային աջակցության է տեղի ունեցել: Գ. Սունդուկյանի անվան թատրոնում մեկնարկել է առցանց նախագիծ․ երեկ ցուցադրվել է առաջին ներկայացումը, որն ունեցել է շուրջ 40 հազար դիտում: Առցանց ներկայացումները շարունակվում են բոլոր թատերահամերգային կազմակերպությունների սոցիալական ցանցերով և կայք էջերով: Մեծ հետաքրքրություն առաջացրեց Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիայի հեեռաձարկումը, այն ձայնագրվել էր 2019 թվականին և առաջին անգամ հեռարձակվեց օնլայն տարբերակով»:

Արայիկ Խզմալյանը նաև նշեց, որ համայնքներում համակարգչի  խնդիրը հաշվի առնելով՝ համայնքային հեռուստաընկերությունները հեռարձակելու են այդ ներկայացումները: 

«Ա1+»-ի հարցին , թե մասնագիտական ուղղվածություն ունեցող հանրակրթական դպրոցները և ուսումնարանները չեն կարողանում հեռավար պար և երաժշտություն դասավանդել, ի՞նչ ծրագիր է նախատեսված նմանօրինակ դպրոցների համար, ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ գործնական մասնակցություն ապահովվելու հարցում հեռավար կրթության ընթացքում առաջանում են խնդիրներ:

 «Պետք է կարողանանք այդ ծավալը լրացնել: Ուզում եմ նշել, որ խնդիրը միայն Հայաստանինը չէ, այսօր աշխարհում 1 ու կես մլրդ սովորողները զրկված են առկա ուսուցման հնարավորությունից:  188 երկրներ փակել են կրթական հաստատությունները, խնդիրները շատ ծավալուն են, նույնիսկ շատ զարգացած երկրներում: Մենք վերանայում ենք մեր պլանները՝ հասկանալու համար ինչպե՞ս պետք է այդ դասերը լրացվեն»:

Արայիկ Խզմալյանն էլ ավելացրեց, որ կատարողական արվեստների բնագավառում կրթական պրոցեսը և փորձեր անցկացնելը բարդ է կազմակերպել: Սակայն երեկ խորհրդակցություն է եղել նախարարությունում՝ վարպետության դասերը և փորձերը առցանց կազմակերպելու վերաբերյալ: