Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռները ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ. վարչապետ

Հայաստանի ավիացիան պետք է համապատասխանի ամենաբարձր չափանիշներին: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հեռարձակմամբ քաղաքացիների հարցին պատասխանելիս: Օգտատերերից մեկի հարցը վերաբերում էր քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացումներին և այն խոսակցություններին, թե իբր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին «լիցենզիայից զրկել» են:

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարող զրկվել լիցենզիայից: Այո, քաղաքացիական ավիացիայի ոլորտում մենք ունենք խնդիրներ, մեր ավիաընկերությունները զրկվել են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու իրավունքից: Այս հարցը շահարկողները իզուր են դա անում: Ես կարծում եմ, որ սա այն պետական մարմինների սաբոտաժն է, որի մասին ես խոսում էի: Եթե նայեք Կապանի իմ ասուլիսը, ապա կտեսնեք, որ ես այնտեղ խոսել եմ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեության մասին, թե ինչպես որոշ նախկին պաշտոնյաներ, ում գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել և թե որոնց հանցավոր անփութության պատճառով երկար տարիներ Հայաստանում ինչեր են տեղի ունեցել: Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ և այլն: Դա կապ է ունեցել հայաստանյան կոռումպացված ենթադրաբար շրջանակների հետ: Երկար տարիներ դա թաքցվել է: Այդ փաստերը, որոնց հետ կապված ահազանգեր են եղել… ես Կապանի ասուլիսում դրան մի թեթև անդրադարձա, խնդիրները թաքցվել են Տաթևիկ Ռևազյանից, ղեկավարությունից և արդյունքում ունեցել ենք այսպիսի պատմություն»,-նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամենևին տխուր չէ նման իրավիճակից, որովհետև սրանով գիծ կքաշվի և կփոխվեն ավիացիոն կառավարման պատկերացումները:

«Կհասկանանք, որ ավիացիոն կառավարման այն պատկերացումները, որոնք երկար տարիներ եղել են Հայաստանում, ուղղակի անընդունելի են և այդպես շարունակվել չի կարող:  Հայաստանի ավիացիան պետք է համապատասխանի ամենաբարձ չափանիշներին: Ի դեպ, որ ասում են, թե 2015 թվականին ստուգումներ են եղել ավիացիայի ոլորտում, մի հավատացեք: Այն ժամանակ եղել են հարցումներ, ոչ թե ստուգումներ, իսկ նոր ժամանակներում եղել են իրական ստուգումներ, բացահայտվել է իրական պատկերը: Իհարկե, եվրոպական կառույցը մի փոքր կանոններից շեղվել է, որովհետև մայիսին պետք է լիներ քննարկում, նոր որոշում կայացվեր, սակայն հիմա կայացվեց անհասկանալի պատճառներով: Մեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հիմա բողոքարկել է, որովհետև այդ խնդիրներով սկսել ենք զբաղվել դեռ ամիսներ առաջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: