Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանվել Գրիգորյան
A A
Հասարակություն

«Տանն է բուժում ստանում»․ փաստաբանը մանրամասնում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ

Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը, «Ա1+»-ի հետ զրույցում, խոսելով Գրիգորյանի առողջական վիճակի մասին, ասաց․

«Լավ չէ, ռիսկի մեջ է, առողջությունը լավ չէ»։

Փաստաբանն ասաց, որ վերջին անգամ իր պաշտպանյալի հետ 1 շաբաթ առաջ է հանդիպել, և քանի որ հիմա մեկուսարաններում շատ է լինում, խուսափում է նրա մոտ գնալուց։ Ներկայումս ԵԿՄ նախկին նախագահը, ըստ Մկրտչյանի, տանն է բուժում ստանում տան մեջ ռեանիմացիայի պայմաններ են ստեղծվել, սարքավորումները տարել են, տեղաշարժվում է անվասայլակով։ 

«Անձամբ իրեն այցելում եմ, «Սկայպ»-ով, տեսազանգերով ամեն օր օնլայն ռեժիմով եմ շփվում։ Այսինքն՝ բացասական հետևանքները, որ սկսվել էին (ոտքերի ուռածություն, ճնշումն է ընկել), սրտին «են տվել», երեկ ճնշումը 70/40 էր իջել։ Այսինքն՝ սրանք այնպիսի բաներ են, որ օրգանիզմը դժվար է պայքարում։ Շփվելու պահանջը կա, ամենօրյա ռեժիմով շփվում եմ։ Լավագույն դեպքում եթե նստած է, հաշմանդամի սայլակի վրա է նստած, թթվածինն անընդհատ միացրած, այսինքն՝ ավելի լավ չէ, քան եղել է վերակենդանացման բաժանմունքում»,- նշեց Գրիգորյանի պաշտպանը։

Հարցին՝ կարողանո՞ւմ է նորմալ սնվել, պատասխանեց, որ չի էլ կարող չպահպանել սննդակարգը, շաքարային դիետան հատուկ ձևով է պահվում, խստորեն ամեն ինչ պահպանվում է։ 

«Փաստացի հիվանդանոցում իր լինելն արդեն դրական էֆեկտ չէր տալիս։ Այսինքն՝ այն, ինչը հարավոր է անել հայաստանյան բժշկության մակարդակի վրա, արվել է։ Այս միջոցառումները, որոնք որ շարունակվում են տնային պայմաններում, նրա համար են, որ հայաստանյան բժիշկների օգնությամբ, մեր ունեցած սարքավորումներով ապահովեն եղած վիճակի պահպանումը, որ վատթարացում չլինի»,- ընդգծեց փաստաբանը։  

Վերջինիս խոսքերով՝ փաստացի վատթարացում կա, որն արտահայտվել է երեկվա դրությամբ ճնշումի իջեցումով, ընդհանուր թուլացումով, Մանվել Գրիգորյանը խիստ հսկողության տակ է, բայց անգամ այս պարագայում բնականոն վատացումներ են տեղի ունենում։

Հարցին, այսինքն՝ Դուք մնո՞ւմ եք այն դիրքորոշմանը, որ Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը հնարավոր է միայն Ֆրանսիայում շարունակել, պատասխանեց, որ պաշտպանական կողմի պնդումները հիմնավոր են այն առումով, որ ժամանակն ապացուցեց։

«Այն որ կալանավորման պայմաններում վատթարանում էր առողջությունը, այնքան վատթարացրեցին, որ ստիպված իրենք (նկատի ունի դատախազության միջնորդությամբ դատավորի կողմից  ազատ արձակումը - հեղ) ազատ արձակեցին։ Հիմա մենք ասում ենք, որ չկան Հայաստանում պայմաններ լավագույն բժշկական կլինիկան, լավագույն բժիշկները, լավագույն սարքավորումները հիմա արդեն չեն ապահովում նրա լավացումը։ Այսինքն՝ մենք արդեն լավացման մասին չենք էլ խոսում, մենք ասում ենք, որ գոնե եղած վիճակը պահպանվի։ Փաստը ցույց է տալիս, որ Հայաստանյան բժշկության պայմաններում հնարավոր չէ պահպանել այդ եղած վատ վիճակը։ Հիմա մեզ ասում են՝ «չէ, դուրս չպետք է գա», այն դեպքում, երբ որ իրեն բուժող, վիրահատող բժիշկներն ասում են, որ անհրաժեշտ է Ֆրանսիա տեղափոխելը»,- եզրափակեց Արսեն Մկրտչյանը։