Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Եթե Մասիս Մայիլյանը ճիշտ աշխատի, կարող է՝ երկրորդ փուլում անակնկալներ լինեն․ Արմեն Վարդանյան

Երեկ Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանարապետություն) տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Այսօր Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց պաշտոնական տվյալները։

Նախագահական ընտրություններում՝ առաջին տեղը գրավեց «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը (36 076 ձայն), երկորդը՝ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը (19 360), երրորդը՝ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը (10 755), չորրորդը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունից Դավիթ Իշխանյանը (1873)։

Քանի որ Հարությունյանը չէր հավաքել ընտրողների 50 տոկոսից ավելի ձայն, ընտրությունների երկրորդ փուլ պետք է տեղի ունենա, որին կմասնակցեն Հարությունյանը և Մայիլյանը։

Խորհրդարարան անցավ 5 քաղաքական ուժ՝  «Ազատ Հայրենիք» կուսակցությունների դաշինք (Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, 29 688), «Միասնական հայրենիք» կուսակցություն (Սամվել Բաբայանի գլխավորությամբ, 17 365), «Արցախի արդարություն» կուսակցություն (Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ 5 865), «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (4 717), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» (Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, 4 269), իսկ ահա Մայիլյանի գլխավորած «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը, Հայկ Խանումյանի գլխավորած «Ազգային Վերածնունդ» կուսակցությունը չհաղթահարեցին անցողիկ շեմը, և չհայտնվեցին խորհրդարանում։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի համար անսպասելի էր, որ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված Մասիս Մայիլյանի գլխավորած քաղաքական ուժն Ազգային ժողով չանցավ և փոխորենը Սամվել Բաբայանի կուսակցությունն անցավ։

Իսկ նախագահական ընտրությունների արդյունքը քաղաքագետի համար սպասելի էր և վստահ էր, որ առաջին երեք ուժերի տեղերն այդպես կբաշխվեն։

Հարցին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ ի՞նչ է կանխատեսում, փորձագետը պատասխանեց, որ Հարությունյանը շատ մեծ շանսեր ունի դառնալու նախագահ, և եթե Մայիլյանն ուզում է բեկում մտցնել, պետք է շատ լուրջ աշխատանք տանի գյուղերում, որովհետև գյուղերում գերակշիռ առավելությամբ Հարությունյանն է հաղթել։

«Իսկ Մայիլյանը պետք է գերարդյուանվետ աշխատանք անի, ջանքեր գործադրի, որ հենց ինքը դառնա նախագահ։ Իսկ իրականում երկրորդ փուլից առաջ Արայիկ Հարությունյանի դիրքերը շատ ուժեղ են»,- նշեց Վարդանյանը։

Դիտարկմանը, որ համեմատում ենք՝ Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության հավաքած քվեները մոտավոր այնքան են, որքան հավաքել է Մայիլյանը որպես նախագահի թեկնածու և հարցին՝ արդյո՞ք Բաբայանի գործոնը մեծ է եղել Մայիլյանին տրված քվեների հարցում, պատասխանեց, որ այո, և Բաբայանի հավաքած ձայները վկայում են այն մասին, որ նա ազդեցիկ ֆիգուր է մնում Արցախում։

Քաղաքագետը հնարավոր չի համարում, որ Բալասանյանը կսատարի Մայիլյանին։

«Որովհետև Բալասանյանն ինքն էր ընտրություններից առաջ սլաքներ շեղում, ասում էր՝ «արևմտյան ուժերն ուզում են իրենց դրածոյին նախագահ նշանակել», և ակնհայտ էր, որ դա վերաբերում էր Մասիս Մայիլյանին։ Բացի այդ, Բալասանյանը, կարծում եմ, դեռևս փոքր, բայց շանսեր ունի պայմանավորվելու Արայիկ Հարությունյանի հետ, իսկ Մայիլյանին աջակցելու որևէ նախադրյալ ես չեմ տեսնում։ Մանավանդ, որ ըստ էության՝ Մայիլյանը Հայաստանի իշխանությունների թեկնածուն էր, իսկ Վիտալի Բալասանյանը բացահայտորեն առճակատվում էր ՀՀ իշխանությունների հետ»,- շարունակեց քաղաքագետը։

Վարդանյանի խոսքերով՝ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի, ունեին երկու թեկնածու և գործընթացն այնպես էին մոդելավորել, որ Վիտալի Բալասանյանը չանցներ երկրորդ փուլ։

Իշխանությունները, ըստ նրա, գիտակցում էին, որ երկրորդ փուլն անխուսափելի է լինելու, և որպեսզի անակնկալներ չլինեին երկրորդ փուլում, շատ կարևոր էր, որ հենց Մայիլյանն ու Հարությունյանն անցնեին երկորդ փուլ, և թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները միմյանց հետ այս պարագայում փոխադարձորեն լեզու էին գտնելու։

«Ազգային Վերածնունդ» կուսակցության՝ խոհրդարան չանցնելու և նախագահական ընտրություններում Խանումյանի՝ քիչ ձայն հավաքելուն անդրադառնալով՝ Վարդանյանն ասաց, որ Խանումյանը հակասական կերպար է համարվում Արցախում։ «Ճիշտ է, ընդդիմադիր կոշտ դիրքերից է հանդես եկել, բայց դա, կարծես թե, Արցախի դեպքում այդքան էլ լավ չի աշխատում։ Եվ բացի այդ, քանի որ Արցախում չկան անկախ լրատվամիջոցներ, պետական լրատվամիջոցներում մշտապես լուրջ արշավ է տարվել նրա դեմ, որը նաև ազդել է ընտրողների վրա»,- ընդգծեց նա։

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի մասով Վարդանյանն ասաց, որ նա պետք է գոհ լինի, և որ նրա կուսակցությունն անցավ խորհրդարան, և դժվար թե հավակներ նախագահի պաշտոնին, և այս դեպքում արդյունքերը գոհացուցիչ պետք է որ լինեն։

«Ինչ վերաբերում է Դավիթ Բաբայանին․ ես երբեք էլ նրան քաղաքական լուրջ ֆիգուր չեմ համարել նաև Արցախում, և նրա չանցնելն էլ, այդքան ձայն հավաքելն օրինաչափ էր նամանավանդ, որ իշխանոթւյան մեջ լինելով չէր վայելում իշխանության հովանավորությունը, իշխանական ռեսուրսները չէին աշխատում նրա համար»,- ԱԽ նախագահ մամուլի քարտուղար, Արցախի պահպանողական կուսակցության նախագահի մասով նշեց քաղաքագետը։

Հայ Հեղափոխական Դաշնակցության հավաքած ձայների քանակը երկու ընտրություններում էլ Վարդանյանի համար օրինաչափ էր, և նաև այն առումով, որ ՀՅԴ-ն չունի վառ ընդգծված լիդեր, որը որ կարող էր մեծ տոկոսով ձայներ հավաքել նախագահական ընտրություններում։

«Ընդհանուր առմամբ կարելի է ասել՝ ամեն ինչ օրինաչափ էր։ Կոնկրետ ինձ համար զարմանալի էր խորհրդարանական ընտրություններում Մասիս Մայիլյանի քաղաքական ուժի չանցնելը և Սամվել Բաբայանի կուսակցության անցնելը, 5 տոկոսը հաղթահարելը»,- եզրափակեց քաղաքագետը։