Բացել լրահոսը Փակել լրահոսը
image
A A
Քաղաքականություն

Ադրբեջանական կրակոցներից վիրավորվել է 2 զինծառայող եւ 14-ամյա երեխա․ Տավուշի մարզպետ

Ադրբեջանական զինված ուժերը ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի, Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ։

Հակառակորդի գնդակից վիրավորվել է 2 պայմանագրային զինծառայող, Ոսկևան գյուղից 14-ամյա երեխա։ Երեխային այս պահին վիրահատում են Նոյեմբերյանի բուժկենտրոնում:
 
«Ա1+»-ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ այս պահին սահմանային վիճակը հանգիստ է։ «Այդ պահին եղել են կրակոցներ, ուղղակի մեկ գնդակ (մենք դրան «փախած գնդակ» ենք ասում) հասել է Ոսկևան գյուղի բակերից մեկը, երեխան այնտեղ կանգնած է եղել։ Երեխան հիվանդանոցում է, և իր վիճակը կայուն է։ Կյանքին սպառնող ոչինչ չկա»,- նշեց Չոբանյանը։
 
Մարզպետի խոսքերով՝ պայմանագրային զինծառայողների առողջության հետ կապված նույնպես որևէ լուրջ խնդիր չկա։