Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մարիա Կարապետյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը սահմանափակման ոչ ենթակա իրավունքների ցուցակում չկա․ Պատգամավոր

 Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․

Ո՞ր իրավունքները ոչ մի պարագայում չի կարելի սահմանափակել արտակարգ դրության ժամանակ։ Սրանք թվարկված են Սահմանադրության 76-րդ հոդվածում՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ»։ Անձնական տվյալների պաշտպանությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը սահմանափակման ոչ ենթակա իրավունքների ցուցակում չկան։

Եվ ահա այս իրավունքները, որոնք այնուամենայնիվ՝ տեսականորեն կարելի է սահմանափակել արտակարգ դրության ժամանակ, որքանո՞վ և ինչպիսի՞ միջոցներով կարելի է սահմանափակել։ Նույն 76-րդ հոդվածով ամրագրված է, որ այդ իրավունքները կարող են սահմանափակվել «միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը», իսկ 78-րդ՝ «Համաչափության սկզբունքը» հոդվածով սահմանափակման միջոցները պետք է լինեն «պիտանի և անհրաժեշտ նպատակին հասնելու համար» և «համարժեք սահմանափակվող իրավունքի նշանակությանը»։

Այսինքն այսօր Ազգային ժողովում քննարկվող անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումների մասին փոփոխություններին սահմանադրականության և մարդու իրավունքների տեսանկյունից գնահատական տալու համար հարկավոր է անցկացնել Սահմանադրության 76-րդ և 78-րդ հոդվածների թեստը։