Բացել լրահոսը Փակել լրահոսը
90908233_230935208101372_4080090576102359040_n
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքում հերձումներ չիրականացնելու մասին նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 66 կողմ, 16 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնել։

Ըստ Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի՝ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառյություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 88 կողմ ձայներով ընդունեց նաև Կառավարության ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է բաժնետերերի ժողովի որոշումները կարող են նաև ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով: ԱԺ-ն սպառեց օրակարգը։

Նախագծերի երկրորդ ընթերցումը տեղի կունենա վաղը՝ մարտի 31-ին։