Բացել լրահոսը Փակել լրահոսը
կառավարություն
A A
Քաղաքականություն

Կորոնավիրուսից առավել տուժած ոլորտների 127 հազար աշխատողները աջակցություն կստանան (տեսանյութ)

Կառավարությունը մասնավոր հատվածի տուժած կամ խոցելի ոլորտների վարձու աշխատողներին ու անհատ ձեռնարկատերերին օժանդակություն կտրամադրի՝ նվազագույն աշխատավարձի և նավագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով՝ կախված աշխատավարձի չափից: 

Որոշումը կայացվեց այսօր կառավարության արտահերթ նիստում:

Կառավարության առանձնացրած խոցելի ոլորտներն են՝ հյուրանոցային տնտեսության, հանրային սննդի, զբոսաշրջության, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ոլորտները։ Վերջինը չի վերաբերում այն մանրածախ առևտրին, որտեղ վաճառվում են դեղորայք, սնունդ, ալկոհոլային խմիչներ և ծխախոտ, այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն էլ հայտեց,  որ վարձու աշխատողին կտրամադրվի հունվարի և փետրվարի միջին ամսական աշխատավարձի կեսի տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 68 000 դրամը (նվազագույն աշխատավարձ) և  ոչ ավելի, քան 136 000 դրամը (նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը):

Անհատ ձեռնարկատերերը  2019–ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով գումար կստանան, բայց ոչ պակաս, քան 68 000 դրամը, և ոչ ավելի քան 136 000 դրամը:

Սարգսյանի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով ամենաշատ տուժել է զբոսաշրջության ոլորտը` հյուրանոցները, տուրիստական գործակալությունները և  հանրային սննդի կետերը։

Վարչապետը պարզաբանեց, որ աջակցում են աշխատողներին և ոչ թե գործատուներին:

Այս ծրագրի բյուջեն գերազանցում է 10 մլրդ դրամը, ընդհանուր շահառուների թիվը 127 հազար է, որը պետք է ճշգրտվի:

 Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները ապրիլի 9-ից պետք է սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնեն www.online.ssa.am կայքէջին, ծրագիրը կպատասխանի՝ շահառու են , թե ոչ, եթե համարվում են շահառու, կնշեն իրենց հաշվեհամարը և գումարը կփոխանցվի հաշվեհամարին:

Վարչապետը խոսեց թվայնացման կարևորության մասին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, ո ր այսօր ստվերային աշխատատեղերի խնդիրը սրվում է  թվայնացմանը զուգահեռ, և դա ըստ էության անհնար է դարձնում կառավարության կողմից այդ անձանց նույնականացնելը և աջակցություն տրամադրելը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այն անձինք, որոնք տվյալ ոլորտներում աշխատում են, բայց գրանցված չեն որպես  աշխատող, փաստացի չեն կարողանալու օգտվել այս աջակցության ծրագրերից.

«Մենք չունենք գործիք նրանց նույնականացնելու համար: Մենք ո՞նց իմանանք, որ մարդն աշխատել է, բայց չի ֆիքսվել:  Եթե նույնիսկ որևէ մեկը գա ասի, որ ինքն աշխատել է, մենք ոնց կարող ենք համոզվել այդ տեղեկատվության հավաստիության մեջ: Քաղաքացիներն իրենք են այս շահառու: Շատերին թվում է, թե կառավարությունն իր համար է ասում, որ աշխատատեղերը պետք է արձանագրվեն: Իհարկե, կառավարության համար էլ է դա կարեւոր, որվհետև կարևոր է ունենալ տվյալներ, բայց առաջին հերթին շահառուն քաղաքացին է: Դա քաղաքացու համար կարեւոր է լինելու նաեւ կենսաթոշակի անցնելուց հետո, որովհետեւ վճարած եկամտային հարկի չափով է նաև որոշվելու ապագա թոշակի չափը»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նկատեց, որ այդ խնդրի լուծումը միայն քաղաքացուց չի կախված, քանի որ շատ հաճախ քաղաքացիները ցանկություն ունեն գրանցվելու, բայց գործատուն չի գրանցում:

Վարչապեն ասաց, որ այդպիսի աշխատողները կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ իրենք աշխատել են, բայց դա չի արձանագրվել, եթե քննության արդյունքներով պարզվի, որ դա ճիշտ է, գուցե հնարավոր կլինի այդ քաղաքացիներին ինչ-որ ձեւով ներառել այս ծրագրերում:

Հիշեցնենք, որ  սա կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումն էր։