100 հազար դրամ միանվագ նպաստ այն հղի կանանց, որոնց ամուսինները կորցրել են աշխատանքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառմամբ նախատեսվում է աջակցություն տրամադրել այն հղի կանանց, ովքեր 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ` չունեն աշխատանք, և ում ամուսինը ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում: Այս մասին Կառավարության արտահերթ նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա տեղեկացրեց, որ աջակցությունը տրամադրվելու է միանվագ նպաստի ձևով՝ 100 հազար դրամի չափով:
Միայնակ հղի կանանց պարագայում աջակցությունը չի գործում, որովհետև նշված է՝ այն դեպքում, երբ ամուսինը ազատվել է աշխատանքից․ վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ ասաց Զարուհի Բաթոյանը:
Վարչապետը պնդեց, սակայն, որ ճիշտ կլինի ավելացնել նաև միայնակ հղի կանանց աջակցություն տրամադրելու դրույթը, որովհետև հնարավոր է, որ, օրինակ, հղի կինը դառնա միայնակ՝ ամուսնու հետ պատահած դժբախտ դեպքի հետևանքով:
ՄԻՊ Արման Թաթոյանը ևս պնդեց, որ անհրաժեշտ է ավելացնել նաև այդ դրույթը, որովհետև մեկուսացման հետևանքով ընտանիքներում բռնության դեպքերն ավելացել են, ինչը ենթադրում է, որ այս ընթացքում հղի կինը հնարավոր է՝ առանձնանա ամուսնուց և դառնա միայնակ հղի կին:
Վարչապետը համաձայն չէր, ասաց, որ այդպիսի շեշտադրում պետք չէ անել, քանի որ սա կարող է որոշակի չարաշահումերի տեղիք տալ, այսինքն՝ կարող են ձևական բաներ լինել, որոնք բերեն խնդիրների:
Նախագիծն ընդունվեց Կառավարության անդամների կողմից:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 30-ին, արտահերթ նիստ անցկացրեց, որտեղ ընդունվեցին հակաճգնաժամային ևս 3 փաթեթներ:
Մարտի 26-ի հերթական նիստում կառավարությունը քննարկել և ընդունել էր ճգնաժամային իրավիճակում գործադրվելիք 5 փաթեթներ: