Բացել լրահոսը Փակել լրահոսը
կառավարություն1
A A
Քաղաքականություն

Մարտի 13-ից մասնավոր հատվածի՝ աշխատանքը կորցրած աշխատողները կստանան աջակցություն (տեսանյութ)

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց և ընդունվեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացեց, որ այս ծրագրի շահառու են համարվում այն քաղաքացիները, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև  մարտի 13-ը ընկած ժամանակահատվածում և ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում: 

Բաթոյանը նշեց, որ աջակցության տրամադրումը ենթադրում է միանվագ ամսական աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով:

Նախարարը տեղեկացրեց, որ աջակցությունից չեն կարող օգտվել այն քաղաքացիները, ովքեր աշխատանքից ազատվելուն նախորդող երկու ամիսների ընթացքում ստացել են 500 հազար դրամը գերազանցող աշխատավարձ․ չեն կարող օգտվել նաև նրանք, ովքեր 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ  են գտնվել այլ գործատուի հետ, կամ նույն գործատուի հետ ունեցել են այլ աշխատանքային պայմանագիր:

2020 թվանի մարտի 30-ի դրությամբ՝ անհատ ձեռարկատեր հանդիսացողները ևս չեն կարող օգտվել այս աջակցությունից:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այս որոշմամբ՝ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք մարտի 13-30-ը կորցրել են աշխատանքը և նոր աշխատանք չեն գտել, չեն համարվում նաև նախորդ ծրագրի շահառու:

Շահառուները պետք է էլեկրտրոնային եղանակով դիմեն նախարարարություն: Դիմումները կընդունվեն արդեն ապրիլի 2-ից, բայց նախարարությունը կաշխատի այնպես անել, որ առանց դիմումների էլ այդ գումարները փոխանցվեն այդ անձանց հաշիվներին: