Բացել լրահոսը Փակել լրահոսը
46106
A A
Պաշտոնական

«Ֆրանսիան և Հայաստանը կորցրեցին իրենց լավագույն զավակներից մեկին». նախագահ Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից:

Ֆրանսիան և Հայաստանը կորցրեցին իրենց լավագույն զավակներից մեկին:

Պատրիկ Դևեջյանը վառ քաղաքական գործիչ և անհատ էր՝ շիտակ, կիրթ, պատասխանատու իր խոսքի և գործի մեջ: Միաժամանակ, նա ֆրանսահայության տրիբուններից մեկն էր, հայ դատի անխոնջ պաշտպան, որի ձայնը լսվում էր ազգային և միջազգային մակարդակով:

Հայաստանի անկախությունից ի վեր Պատրիկ Դևեջյանը դարձավ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկը: Հայաստանի զարգացումը նրա համար առաջնային խնդիր էր, որին նա նպաստում էր կոնկրետ ծրագրերով և գործողություններով:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Պատրիկ Դևեջյանի կնոջը, զավակներին և թոռներին, հարազատներին, ինչպես նաև ֆրանսահայությանն ու մեր ողջ ժողովրդին»:

 

«Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին». նախագահ Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում իր ցավակցություններն է հայտնել Պատրիկ Դևեջյանի որդուն՝ Թոմաս Դևեջյանին

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի որդու՝ Թոմաս Դևեջյանի հետ։

Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել Թոմասին և ի դեմս նրա՝ Դևեջյանների ընտանիքին, բարձր գնահատելով Պատրիկ Դևեջյանի մեծ ավանդը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման, մեր ժողովրդի շահերի պաշտպանության գործում։ «Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին»,-ասել է նախագահը, նշելով, որ Պատրիկ Դևեջյանի անունը հիշվելու է խորին հարգանքով։