Բացել լրահոսը Փակել լրահոսը
369-1
A A
Քաղաքականություն

Այս ընթացքը ցույց է տալիս, որ մեր հասարակությունը խուճապի չի մատնվում․ Հրանուշ Խառատյան

Կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացումը նոր ձևաչափով գործելու և տարբեր մեխանիզմներ մշակելու առիթ տվեց:

Կիրառվում է հեռավար ուսուցում, օնլայն տարբերակով ցուցադրվում են նաև թատերական ներկայացումներ, առաջիկայում կանցկացվեն օնլայն  դատավարություններ: Երեւանյան որոշ խոշոր առևտրի կենտրոններում և դեղատներում տեղադրվում են հերթում սոցիալական հեռավորություն պահպանող նշաններ և կարգադրումներ:

«Ա1+»-ն այս և այլ հարցերի շուրջ  զրուցեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ:

Ազգագրագետի կարծիքով՝ Հայաստանի բնակչության մեծ մասն ընդունում է հասարակության համար առաջարկված պայմանները. ընդհանուր առմամբ խուճապ և նյարդային լարվածություն չի նկատվում:

«Չնայած նրան, որ մեր ստերիոտիպային բնութագրի մեջ սովորաբար ասվում է, որ հակառակվող  և անհատապաշտ ենք՝ խմբային կոլեկտիվի և վարքի չենք ենթարկվում, բայց իմ և իմ կոլեգաների դիտարկումներով՝ կարծես թե մեր հասարակությունը հակված է իրեն  պահել որոշակի նորմերի շրջանակում: Այս ընթացքը ցույց է տալիս, որ մեր հասարակությունը խուճապի չի մատնվում, առանձին դեպքեր կան, որը ավելի շատ եսասիրություն է, ինչպես հաճախ տագնապային իրավիճակում մարդը իրեն է համարում ամենախոցելին աշխարհի կենտրոնը և իրեն է տեսնում հնարավոր տագնապի թիրախ, սակայն նման երևույթներ կա ամբողջ աշխարհում»:

Հրանուշ Խառատյանը նկատում է, որ հանրային խնդիրների գործում խոշոր եկամուտներ ունեցող անձանց կողմից ներգրավվածություն չկա ո՛չ առողջապահական, ո՛չ կազմակերպման և ո՛չ վնաս կրող տնտեսվարողների խնդիրները լուծելու համար: Հանրային պատասխանատվությունը դեռևս մնում է իշխանությունների և անհատների վրա:

«Կոմունալ ծառայությունները կարծես բավականին փորձում են պահել իրենց դիրքը: Գազն ամենախոցելի տեղերից մեկն է, այս գազային պայմանագիրը դեռ վաղուց  ճորտային պայմանագիր եմ անվանել: Այս պայմանագիրը կարող է դառնալ լուրջ խոչընդոտ, եթե Հայաստանի համար սպառնալի իրավիճակներ առաջանան: Ըստ այդ օրենքի՝ հիմա մենք որևէ տեղից գազ չենք կարող ունենալ, չենք կարող գնի վրա ազդել, իսկ իրենք կարող են տարբեր ձևերով խափանել կյանքի կարգավորման ընթացքը:Ակնհայտ երևում է արդեն դրսևորումները: Օրինակ այս ճգնաժամային իրավիճակում կոմունալների կոշտ դիրքորոշումը․ միայն կառավարության ճնշման տակ ընդունեց առկա պայմանները»:

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ կառավարությունը ձեռնարկեց գյուղատնտեսական վարկերի հարմարավետ պայմաններ, սակայն իր կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ շատ վարկեր կյանքի տարբեր իրավիճակների համար վերցված վարկեր են, որոնք ձևակերպված  են եղել որպես բիզնես կամ գյուղատնտեսական վարկեր: 

«Ենթադրենք մարդը արտագնա աշխատանքի է գնում, ճանապարհածախս և նախնական կյանքի պայմանների համար գյուղատնտեսական վարկ է վերցում, հետո վերադառնում է Հայաստան և այդ վարկը վերադարձնում է:Բոլորը գոհ են, բացի մեր երկրից և տնտեսությունից․ մեր գյուղատնտեսությունը ոչինչ չստացավ այս ամենից: Եթե այս ծրագրերը այս ձևով ընթանան, չեմ կարծում, որ ինչ-որ դրական արդյունք կտա: Խնդիր է նաև այն, թե կառավարությունը ինչ չափով կարող է վերահսկել այս ամենը: Նոր իշխանությունները դեռ չունեն այն պոտենցիալը, որ կարողանան տարիներով արմատավորված հարաբերությունների վրա ռեալ ազդեցություն ունենալ և վերահսկել իրավիճակը: Մյուս խնդիրն այն է, որ իշխանությունները կարծես թե հետազոտական խնդիրներին լուրջ չեն վերաբերվում: Երբ նույնիսկ լավ բան են ծրագրում, չեն հենվում հետազոտությունների վրա»:

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների հետաձգվել-չհետաձգվելու հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնեն Արցախի իշխանությունն ու բնակչությունը։

«Արցախի բնակչությունը Հայաստանի բնակչությունից պակաս գրագետ չէ, և կարող են իրենց կամքը արտահայտել: Բայց դեռևս հանրային դիրքրոոշումը չի բարձրաձայնվել, միայն երևում է քաղաքական դիրքորոշումը: Բայց այս խնդիրը դուրս է քաղաքականությունից, այն առողջությանն և Արցախի բնակչության ապագային վերաբերող խնդիր է: Արդեն բանակում 5 վարակված դեպք ունենք, այդ 5-ով խնդիրը չի սահմանափակի: Ես կարծում եմ նաև, որ Արցախում ընտրությունների պատկերը, միջազգային լեգտիմության հարցը շատ բաց և հայտնի պետք է լինի»: