«Անհայտ է, թե ով վնասեց ինձ»․ այգիներ են այրվել (լուսանկարներ) (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Մոնթե Մելքոնյան պողոտային հարակից տարածքում այգիներ են այրվել։ Էլմիրա Կոստանդյանին պատկանող 3000 քառ․մետր մակերեսով ու Սլավիկ Եղիազարյանին պատկանող 2000 քառ․մետր այգիներն ամբողջությամբ այրվել են։
«Ա1+»-ի հետ զրույցում Էլմիրա Կոստանդյանն ասաց՝ չգիտի, թե այգին ինչի հետևանքով է այրվել։ Որևէ մեկին չի տեսել տարածքում։ Կանաչի հավաքելիս է եղել, երբ նկատել է կրակը, անգամ փորձել է մարել, բայց զգացել է, որ չի կարող։
«Պայուսակս վառվել էր, հեռախոսս հնարավոր չէր օգտագործել, պատահական մեքենա եմ կանգնեցրել, հրշեջներին զանգել։ Հրշեջ մեքենան չի կարողացել այգի մտնել, հարմար չի եղել, կանգնել է պողոտայի վրա։ «Պլետներով» են կրակը մարել»,- պատմեց տիկին Էլմիրան։
Ըստ Էլմիրա Կոստանդյանի՝ դեպքից օրեր առաջ հարևան տարածքում, որտեղ շինարարություն էր սկսվել, ծառահատումներ են իրականացվել։ Տիկին Էլմիրան, դա տեսնելով, զանգել է ոստիկանություն։ Ոստիկաններն եկել են դեպքի վայր, արձանագրություն կազմել, ինքն էլ բացատրություն է տվել։
«Թե ինչի խառնվեցի էդ գործին։ Ինձնից շատ հեռու էր, ես կարող էի չխառնվել, ինչ իմանամ՝ դրա հետ էր կապված։ Չեմ կարողանում կենտրոնանալ, ինձ համար անհայտ է, թե ով վնասեց ինձ»,- սրտնեղած ասաց Էլմիրա Կոստանդյանը։
Նա հավելեց, որ մարտի 24-ին, երբ այգիներն այրվել են, ոստիկանություն չի դիմել։ Օրեր անց գնացել է Մալաթիայի ոստիկանության բաժին, ու պատմել տեղի ունեցածը։ Ըստ նրա՝ ոստիկանությունում իրենից բացատրություն չեն վերցրել։ Ասել են, որ դեպքի վերաբերյալ կհետաքրքրվեն, անհրաժեշտության պարագայում կկապվեն իր հետ։
«Ա1+»-ը կապ հաստատեց նաև Սլավիկ Եղիազարյանի հետ։ Վերջինս նույնպես չգիտի, թե ինչի հետևանքով են այգիներն այրվել։ Մալաթիայի ոստիկանության բաժնից «Ա1+»-ին փոխանցեցին, որ գործը ԱԻՆ-ի վարույթում է։
Արտակարագ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը մեզ փոխանցեց, որ այս պահին տեղեկություն տալ չեն կարող, կփորձեն ավելի ուշ։
Լուսանկարներն ու տեսաձայնագրությունը՝ Սլավիկ Եղիազարյանի