Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capturkgkgke
A A
Քաղաքականություն

«Վարկ ենք վերցնում, կոմունալ վճարում». Փաշինյանը պատահականության սկզբունքով զանգահարեց բնակարաններ (տեսանյութ)

Ֆեսյբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ այս օրերին շատ կարևոր է հասկանալ՝ մարդիկ ինչպես են ապրում, ինչ են զգում, ինչպես են դիմանում սահմանափակումներին։

Քանի որ ֆիզիկական շփման միջոցով սա պարզելը հնարավոր չէ՝ երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով, վարչապետն ընտրել է քաղաքացիների հետ շփման մեկ այլ տարբերակ՝ հեռախոսազրույց: 

Պատահական համարով զանգում է քաղաքացիների բնակարաններ և զրուցում նրանց հետ:

Առաջին քաղաքացին, ում հետ զրուցեց վարչապետը տարեց էր, ասաց՝ տանից դուրս չեն գալիս։ Վարչապետը հետաքրքվեց՝ այդ դեպքում ո՞վ է գնումներ կատարում, կինն ասաց, որ սոցիալական աշխատող կար, ինքն օգնում էր։ Փաշինյանը հետաքրքրվեց նաև՝ թոշակը տուն բերե՞լ են, քաղաքացին բացասական պատասխան տվեց:

Կինն ասաց՝ ամուսինը 90 տարեկան է, երկար տարիներ աշխատել է համաճարակաբան, վարչապետն էլ կատակեց՝ ի՞նչ է ասում վիրուսի մասին:

Փաշինյանը վստահեցրեց՝ հեռախոսահամարը կֆիքսեն, կհետևեն, որ քաղաքացու բոլոր հարցերին պատասխան տրվի:

Մյուս քաղաքացուց Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչ միջոցներվ են ապրում, կինն ասաց՝ թոշակառու են, թոշակ ստանում են Մոսկվայից, ֆինանսապես դիմանում են, նեղվում են միայն սահմանափակումներից:

Վարչապետը հարցրեց նաև՝ շրջապատում կա՞ն մարդիկ, ովքեր այս իրավիճակի պատճառով սոցիալապես ծանր վիճակում են, քաղաքացին վստահեցրեց, որ չկան:

Փաշինյանը քաղաքացուն բացատրեց նաև տանից դուրս գալու կարգը:

Վարչապետը զանգահարեց նաև Գյումրի: Զանգին պատասխանած կինն ասաց, որ երկոյան գնում է գործի, պահակ է աշխատում: Տեղեկացրեց՝  ապրում են 8 հոգով, ընտանիքից աշխատում է միայն ինքը, ստանում են նաև թոշակ, ապրում են այդ միջոցներով:

Կինը վստահեցրեց, որ սոցիալական դժվարությունների առաջ չեն կանգնել այս օրերին: Նշեց նաև, որ շրջապատում չկան մարդիկ, ովքեր այս օրերին դժվարությունների առաջ են:

Մյուս բնակարանից զանգին պատասխանած քաղաքացին վարչապետին ասաց, որ դիմանում են մի կերպ, ամուսինը չի աշխատում, երկրորդ ամիսն է՝ գտնվում է չվճարվող արձակուրդի մեջ, ինքը ծեր և հաշմանդամ մայր ունի.

«Վարկ ենք վերցնում, վարկով վարկ ենք վճարում, կոմունալ ենք վճարում, ես չեմ աշխատում, մայրս հաշմանդամ է, ես եմ խնամում»:

Կինն ասաց՝ տանը երեք անձ ապրում են 40000 դրամ թոշակով:

Վարչապետի հետ զրուցեց նաև կնոջ ամուսինը: Ասաց՝ «Աշտարակ կաթ»-ում  է աշխատել, բայց մի քանի ամիս չեն վճարվել, այդ ընթացքում կուտակել են պարտքեր:

Տղամարդը ասաց՝ ներկայիս աշխատաանքի վայրից  գրեթե ամբողջ կազմին կանչել են և ասել են, որ դիմում գրեն և իրենց հաշվին արձակուրդ գնան:

«Այս պահին իմ ջեբը 5000 դրամ փող կա»:

Քաղաքացիներից մեկն էլ վարչապետին ասաց՝ 46 տարեկան է, երկու անչափահաս երեխա ունի, բայց ուր դիմում է, տարիքի պատճառով  աշխատանքի չեն ընդունում․ Փաշինյանը զարմացավ:

Վարչապետն ասաց, որ կշարունակի կապ պահել քաղաքացիների հետ, հասկանալ՝ պատրաստվող փաթեթները արդյոք լինելո՞ւ են հասցեական: