Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ներմարզային ուղևորափոխադրումները 5 մարզերում կարգելվեն․ փոխնախարար (տեսանյութ)

Այսօր նախատեսվում է միջմարզային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ուղևերափոխադրումների համար որոշակի փոփոխություններ իրականացնել:

Այդ մասին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ նշելով, որ պարետի որոշմամբ՝ պլանավորվում է արգելել նաև  5 մարզերում գործող ներմարզային ուղևորափոխադրումները։

«Ներկայումս որոշ ներմարզային և ներհամայնքային երթուղիներ գործում են: Ներմարզային երթուղիներ են գործում Շիրակում, Լոռիում,Կոտայքում և Սյունիքում, իսկ ներհամայնքային երթուղիներ  գործում են Գեղարքունիքում, Տավուշում, Շիրակում, Լոռիում, Կոտայքում և Սյունիքում: Մնացած մարզերում ներմարզային և ներհամայնքային երթուղիները չեն գործում»: 

Արմեն Սիմոնյանը պարզաբանում է, որ սահմանափակումների պատճառը վարակի կանխարգելումն է:Միջմարզային երթուղիները դադարեցվել են, բացառությամբ այն անձանց համար, որոնք խնամքի կարիք ունեն կամ երեխաներ ունեն․ նրանք կարող են թեթև մարդատար մեքենայով տեղափոխվել։

Իսկ սննդի ոլորտում աշխատող անձինք , որոնք տեղաշարժի հետ կապված խնդիրներ ունեն, կարող են դիմել նախարարություն:

Արմեն Սիմոնյանը նշում է, որ ավիացիայի ոլորտում ևս ուղևորահոսքերը բավականին ընկել են: Եթե մարտի 8-ին ունեին 6000 ուղևոր,  այսօրվա դրությամբ մոտ 800 ողևոր է: Ավիացիայի ոլորտում գործում են ռուսական 4 և բելառուսական 1 ավիաընկերություն: Բելառուսական «Բելավիան» առաջիկայում Մինսկ- Երևան չվերթ է իրականացնելու, 4 ռուսական ավիաընկերություններ ևս չվերթներ են իրականացնում:

«Թուրքայի և Իրանի միջև սահմանը տոտալ փակվել է, և այն փոխադրումները, որոնք մինչև այդ անցնում էին Իրանի տարածքով և գնում ասիական երկրներ, հիմա Վրաստանի տարածքով են գնում: Մի մասը գնում է Ադրբեջան և մյուս մասը՝ Վերին Լարսով՝ Ռուսաստանով մյուս ասիական երկրներ: Դրանով է պայմանավորված Լարսում բեռնափոխադրող մեքենաների մեծ ծանրաբեռնվածությունը»:

Արմեն Սիմոնյանը նշեց, որ երկաթուղին աշխատում է նույն ռեժիմով, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի: Այսօրվանից Երևան Գյումրի արագընթաց գնացքի աշխատանքը,դադարեցվում է՝ ուղևորահոսքի բացակայության պատճառով: Ցուցումներ են տրվել երկաթուղուն, որպեսզի վագոններում մարդկանց միջեւ մեկ մետր հեռավորությունը պահպանվի:

Նա նշեց նաեւ, որ վարորդները երթուղի դուրս գալուց առաջ ջերմաչափվում են, եթե ջերմության բարձրացում է գրանցվում, նրանց արգելվում է երթ իրականացնել: