Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության hեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առաջարկվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել Իրանից Հայաստան ներմուծվող ցեմենտի համար սահմանված պետական տուրքի վճարման ժամկետը, որն այժմ սահմանված է մինչև ապրիլի 1-ը:

Խորհրդարանը նախագիծն ընդունեց 88 կողմ, 16 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Առաջարկվում է, որ հասարակական կազմակերպությունների անկախ ֆինանսավորումը հանրային կամ մասնավոր միջոցներ լինելուց, պետք է գործունեության տարեկան հաշվետվություն ներկայացնեն։

Նախագիծն ընդունվեց 96 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Պատգմավավոր Արթուր Հովհաննիսյանն առաջարկում է որոշ տարածքներում արգելել ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված գովազդները։

Նախագիծն ընդունվեց 114 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով Կառավարությունն առաջարկվում է Լոռու և Տավուշի մարզերում խոշորացումներ անել։

Նախագիծն ընդունվեց 85 կողմ, 21 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգմավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի, Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով պատգամավորներն առաջարկում են որպեսզի նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվի ոչ միայն անվճար ուսուցման համակարգով, այլև վճարովի։

Նախագիծն ընդունվեց 115 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Նշենք, որ Կառավարությունը դեմ էր նախագծերի փաթեթի ընդունմանը։ Մարտի 24-ին խորհրդարանում նախագծերի փաթեթի քննարկմանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կոչ էր արել դեմ քվեարկել։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Պատգամավորն առաջարկում էր, որ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն տա նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական բնույթի նվիրատվությանը, որը ձևակերպվում է գաղտնի գրիֆով»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը քվեարկությունից առաջ ասաց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ չընդունեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ապահովագրական հատուցումները» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ եթե ֆիզիկական անձը հանդիսանում է ապահովադիր եւ հատուցման գումարն ստանում է ապահովագրության շահառու հանդիսացող բանկի կամ վարկային կազմակերպության կողմից» բառերով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ դեմ են քվեարկելու, բայց կողմ են, որ հեղինակը նախագիծը վերադարձնի առաջին ընթերցման փուլ, որտեղ առաջարկներ կներկակայացնեն։

Մանե Թանդիլյանն առաջարկեց նախագիծը տեղափոխել գրավոր առաջարկների փուլ։ Առաջարկը դրվեց քվեարկության, այն ընդունվեց։

ԱԺ-ն ևս մի քանի օրենքի նախագծեր ընդունեց։