Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 25-ը մարտի․ Ինչ էր հերքում Ռուբեն Հայրապետյանը եւ ով էր համոզում Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)

1999-ի այս օրը հրատապ մամլո ասուլիս հրավիրեց նախորդ օրը Միացյալ Նահանգներից վերադարձած Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանը։ Նա շտապում էր հերքել տեղեկությունները, թե ինքը Հայաստանից փախել էր իր նկատմամբ կազմակերպվող մահափորձից խուսափելու համար։

1999-ի այս օրը 11 կուսակցություններ հանրության դատին ներկայացրին «Հայաստանի տնտեսական առողջացման հիմնական առաջնահերթությունները» ծրագիրը։

2000-ի մարտի 25-ին Կալաշնիկով տիպի ինքնաձիգից կրակոցներ էին հնչել ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանի որդուն՝ Արթուր Գասպարյանին պատկանող խանութի ուղղությամբ։ Մանուկ Գասպարյանի գնահատմամբ՝ այս հանցագործությունը մարտահրավեր էր ոչ միայն իր ընտանիքին, այլեւ ՀՀ իշխանությանն ու ժողովրդին։

2007 թվականի մարտի 25-ին վախճանվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Հանգուցյալ քաղաքական գործչին ինչպես վարչապետի պաշտոնում, այնպես էլ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող ՀՀԿ համամասնական ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում փոխարինեց Սերժ Սարգսյանը։

2011-ի մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեցին գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները խնդրեցին կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունից թողնել հացադուլն ու վերադառնալ խորհրդարան։ Մոտավորապես նույնն էր մտադիր ասել դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, ով, սակայն, գերադասեց խոսակցությունը հետաձգել առավել ուշ ժամի, երբ իրենց չեն խանգարի տեսախցիկները։ Հացադուլը դադարեցնելու առաջարկով Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ հավաստիացնելով, թե խորհրդարանի համար շահեկան կլինի, եթե «Ժառանգություն»-ը վերադառնա նիստերի դահլիճ եւ շարունակի օրենսդիր գործունեությունը։