Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

23 մարտի. Իտալական ֆուտբոլի «սև» օրը

Քառասուն տարի առաջ, 1980թ մարտի 23-ին, Իտալիայում միանգամից ձերբակալվում են 13 ֆուտբոլիստ: Դա լուրջ հարված էր իտալական ֆուտբոլի՝ կալչիոյի հեղինակությանը: Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել և ինչո՞ւմն էր խնդիրը: Այդ մասին այսօր անդրադարձել է Corriere della Sera թերթը:

1980թ այս օրը Իտալիայում անցկացվում էր ֆուտբոլի առաջնության հերթական տուրը: Այն ժամանակ բոլոր խաղերն կայանում էին նույն օրը, նույն ժամին: Եվ ահա, անմիջապես այդ հանդիպումներից հետո ոստիկանները հենց մարզադաշտերում, ֆուտբոլասերների աչքի առաջ, ձերբակալում են տարբեր թիմերի 13 խաղացողների: Հաջորդ օրը ֆուտբոլիստների ցուցակը լրացնում է նաև «Միլան» ակումբի նախագահ Ֆելիչե Կոլոմբոն:

Բացի այդ, քննիչները որպես վկաներ ընդգրկում են ևս 7 ֆուտբոլիստների, որոնց թվում են լինում նաև Իտալիայի հավաքականի նախկին և ներկա խաղացողներ, մասնավորապես՝ դարպասապահ Էնրիկո Ալբերտոզին և հարձակվող Պաոլո Ռոսին:

Բոլորը մեղադրվում են կազմակերված խաղերին մասնակցելու համար: Քննիչների գործը բավականին հեշտանում է այն բանից հետո, երբ նույն տարվա ձմռանը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետաքննության բաժնի ղեկավարին ներկայանում են երկու վաճառականներ և ազնվորեն խոստովանում, թե ինչպես են աշխատացրել իրենց կողմից ստեղծված գաղտնի բուքմեյքերական գրասենյակները, որ ակումբների և ֆուտբոլիստների հետ են համագործակցել: Այդ իսկ պատճառով գործը ստացել է «Տոտոնեռո» անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «սև բուքմեյքերներ»:

Դատարանը ի վերջո գլխավոր մեղավորներ է ճանաչել «Լացիոյի» ավագ Ջուզեպե Ուիլսոնին, «Պալերմոյի» ֆուտբոլիստ Մագիդո Մագերինիին և «Միլանի» նախագահին: Նրանք, ինչպես նաև դարպասապահ Ալբերտոզին, ցմահ որակազրկվել են: «Միլան» և «Լացիո» ակումբները տեղափոխվել են Բ սերիա:

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էնցո Բեարզոտի խնդրանքով թիմի առաջատար Պաոլո Ռոսիին այնպիսի ժամկետով են որակազրկում, որ նա կարողանա մասնակցել 1982թ աշխարհի առաջնությանը: Արդյունքում, մոտ երկու տարի անգործության մատնված ֆուտբոլիստը փայլուն խաղ է ցուցադրում Իսպանիայի մունդիալում, հեղինակած 6 գոլերով ճանաչվում է լավագույն ռմբարկու, իսկ իր ազգային հավաքականին օգնում է երրորդ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Այստեղ են ասում՝ չկա բարիք, առանց չարիք: