Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-zB6wIEdpHI
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ում չի կարելի աշխատել միայն ընդդիմության հետ․ Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ-ից Արցախին տրվող օգնության մասին

Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Արցախին տրամադրվող օգնությունը կարող է փոխակերպվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրով, եւ դա «շատ ավելի վատ» էր բնութագրել։
 
«Ա1+»-ի հետ զրույցում Սուրեն Սարգսյանը պարզաբանեց․
 
«Վտանգավոր է այն առումով, որ Արցախի Հանրապետության բնակչությանը չգիտես ինչու նախապատրաստում են խաղաղության, իսկ Ադրբեջանում նման գործընթաց, կարծես թե չկա։ Պետք է չմոռանանք նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզի խոսքերը, որ Հայաստանի Հանրապետության հանրությունը պետք է պատրաստվի խաղաղության և փոխզիջումների գնա։ Եվ նման հայտարարություն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը չարեց։ Սա կարծում եմ՝ շատ հարցերի պատասխան է ըստ էության։ Եվ այստեղ մենք պետք է շատ ուշադիր և զգոն լինենք»։
 
Սարգսյանը հստակեցրեց, որ ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցներն իրենց զեկույցում ասում էին, որ «ԱՄՆ-ից Արցախին տրամադրվող ֆինանսավորումը կրճատվելու է, և ձեռնտու կլինի խաղաղության նախապատրաստելը ֆինանսավորելը», բայց մյուս դեպքում Ադրբեջանին ռազմական օգնություն են տալիս, այսինքն՝ տեղի ունեցող պրոցեսները պետք է համադրել։
 
Հարցին, թե ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանություները և Միացյալ Նահանգներում գործող լոբբիստական կառույցները (Հայ Դատի հանձնախումբ, Ամերիկայի Հայկական համագումար), պատասխանեց, որ ԱՄՆ-ում մեր լոբբիստները մաքսիմալ աշխատում, ջանք են գործադրում, որպեսզի ռիսկերը նվազեցնեն, և որքան էլ լոբբիստներն աշխատեն, Հայաստանը նույնպես պետք է աշխատի այդ ուղղությամբ, և  Հայաստանից գնացող մեսիջների հարցում իշխանություններն ուշադիր և զգոն լինեն։
 
Իսկ, թե ինչու որոշվեց դադարեցնել՝ միջազգայնագետը նշեց, որ դադարեցման մասին խոսակցությունները վաղուց էին սկսվել, ադրբեջանցիները և թուրքերն էին այս ուղղությամբ աշխատում, նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կային մարդիկ, որ կարծում էին՝ պետք է դադարեցնել այդ օգնությունը։
 
«Սա առավելապես կարել է կապել, կարծում եմ, մի քանի հանգամանքների հետ։ Դա բնականաբար Հայաստանի կողմից հնչեցված որոշ մեսիջներն են, Սիրիայում Հայաստանի ներկայությունը, մեր կողմից ԱՄՆ մեր գործընկերի հետ տարվող պասիվ աշխատանքները։ Հանգամանքները շատ են և տարբեր», - շարունակեց Սուրեն Սարգսյանը։
 
Հայաստանից հղվող մեսիջների մասով՝ Ամերիկյան հետազոտությունների Հայկական կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու հայտարարությունները, որ «ինքն ամենաշատն է քննադատել ԱՄՆ իշխանություններին», «հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգները զրո աջակցության է ցուցաբերել Հայաստանին», և, ըստ Սարգսյանի, այսպիսի հայտարարություններն անարձագանք և անպատասխան չեն մնում։
 
Դիտարկմանը, որ արդյոք պատճառ կարո՞ղ է լինել նաև այն, որ  երբ Փաշինյանը ԱՄՆ-ում հավաք էր հրավիրել, դրան ներկա էր եղել նաև Թրամփի գլխավոր քաղաքական հակառակորդ, Դեմոկրատ Ադամ Շիֆը, նա պատասխանեց, որ սա պատճառ չէ, սակայն ցուցիչ է, որ չպետք է աշխատել միայն Դեմոկրատների հետ։
 
«Ինչպե՞ս է պետք Վաշինգտոնում աշխատել։ Չի կարելի աշխատել բացառապես միայն ընդդիմության հետ, չի կարելի Վաշինգտոնում գործընկեր ունենալ միայն Դեմոկրատական կուսակցությունից, այցելությունների ժամանակ բացառապես հանդիպել Դեմոկրատների հետ, հարաբերություննըր խորացնել միայն Դեմոկրատների հետ։ Սա, իհարկե, քաղաքական սխալ մարտավարություն է, և վերանայման կարիք կա», - եզրափակեց փորձագետը։
 
Նշենք, որ Սարգսյաննը ՖԲ իր էջում հրապարակել էր նաև, որ ««...մեր գործակալությունները տեսնում են հնարավորություն ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության ֆինանսավորման համար, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, օրինակ որպես բնակչությանը խաղաղության նախապատրաստում », - գրել են օրենսդրական հարցերով պետքարտուղարի օգնական Մերի Էլիզաբեթ Թեյլորը և ԱՄՆ ՄԶԳ օրենսդիր և հանրային հարցերով կառավարչի օգնական Ռիչարդ Ք.Պարկերը: «Առաջ նայող ծրագրերը, որոնք աջակցում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և հիմք են դնում ավելի բարեկեցիկ ապագայի համար, հույս են ներշնչում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար երկարաժամկետ հեռանկարում»»: