Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սահմանափակումները չեն տարածվի սրճարանների, համացանցի միջոցով խաղերի վրա․ Էկոնոմիկայի փոխնախարար (տեսանյութ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, անդրադառնալով պարետի որոշմամբ նախատեսված սահմանափակումներին, նշեց, թե որոնք են դրանք․
 
«Սահմանափակումներ կգործեն բարերի, խմիչքների, համանման կետերի գործունեության հետ կապված, կինոների և տեսաֆիլմերի ակումբների նկատմամբ, շահումով խաղերի կազմակերպման գործունեության հետ կապված, ինչպես նաև սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառներում»։
 
Սահմանափակումները, ըստ փոխնախարարի, տարածվում են նաև անհատական տնտեսական գործունեություն ծավալող ծառայությունների վրա՝ բացառությամբ թաղումների կազմակերպման և համանման ծառայությունների։
 
Սահմանափակումների վերաբերյալ տնտեսական գործունեություն ծավալող կառույցների ամբողջական ցանկին, Սիմոնյանի փոխանցմամբ, կարելի է ծանոթանալ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի հրամանով սահմանված դասակարգիչների ցանկի միջոցով։
 
Լրագրողների հետ հանդիպմանը փոխնախարարը նշեց՝ սահմանափակումները չեն տարածվի սրճարանների, համացանցի միջոցով խաղերի և վիճակախաղերի անցկացման, խմիչք վաճառող շարժական և այլ կետերի վրա։ 
 
Անդրադառնալով Իրանի, Վրաստանի հետ բեռնափոխադրումների հարցին՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ պարետի որոշմամբ սահմանվել է ապրանքների ցանկը, որոնք չեն կարող փոխադրվել, առողջապահական պարագաների փոխադրումը կատարվում է Առողջապահության նախարարության հետ համաձայնությամբ, իսկ մնացած փոխադրումները՝ Պետական եկամուտների կոմիտեի հետ հսկողության ներքո։
 
«Առավոտ» կայքը հարց էր ուղղել. «Բանկերն ի աջակցություն ոիզնեսին վարկային աջակցություն տրամադրեցին, սակայն «Առավոտ»-ը փոքր և միջին բիզնեսից ահազանգեր է ստանում, որ տարածքի սեփականատերերը, որոնցից տարածքներ են վարձակալում, հայտարարում են, որ տեղի գումարները պետք է վճարել։ Արտակարգ դրության պայմաններում կառավարությունը լծակներ ունի՞ խոշոր սեփականատերերի հետ բանակցելու, այդ հարցերում որոշակի լուծումներ գտնելու»։
 
Փոխնախարարը պատասխանեց.
 
«Այս հարցերը կարելի է դիտարկել ամբողջ աջակցության փաթեթում, որն այս պահին դրված է հանրային քննարկման։ Իմ գործընկերները զբաղվում են, քննարկումներ են իրականացնում տնտեսվարողների հետ։ Եվ կարծում եմ՝ կտրվի այն լուծումը, որ կբավարարի թե՛ տնտեսվարողներին մի կողմից, և թե՛ ՓՄՁ այն սուբյեկտներին, որոնք վարձակալում կամ այլ տեսակի գործունեություն են ծավալում»։