Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 23-ը մարտի.Կ.Դեմիրճյանի հայտարարությունը, Ղուկասյանի դեմ մահափորձն ու Քոչարյանի ամերիկյան հանդիպումները (տեսանյութ)

ՀՀ նախագահի ընտրությունների 2-րդ փուլին պատրաստվող թեկնածու Կարեն Դեմիրճյանը 1998-ի այս օրը հայտարարեց, որ ընտրության առաջին փուլն անցել է բիրտ եւ կոպիտ օրինախախտումներով։  Կարեն Դեմիրճյանը հերքեց տարածված խոսակցությունները, թե ինքը հրաժարվելու է հետագա ընտրապայքարից եւ հայտարարեց, որ իր բոլոր հնարավորություններով պայքարելու է Հայաստանում օրենքի իշխանության հաստատման համար։

Գորիսի քաղաքապետ եւ ԱԺ պատգամավոր Սուրիկ Խաչատրյանը 1999-ի մարտի 23-ին հրապարակավ հայտարարեց, որ իր ղեկավարած քաղաքում ազատորեն գործում են բոլոր կուսակցությունները։ «Գորիսում չկան միայն աղանդներ եւ ՀՀՇ-ն»,- հպարտորեն հայտարարեց նա։

2000-ի մարտի 22-ի ուշ երեկոյան մահափորձ կատարվեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ։ Մինչ Հրանտ Խաչատրյանն ու Արտաշես Գեղամյանը Երևանում հերքում էին Սամվել Բաբայանի մեղսակցությունը մահափորձին, մարտի 23-ին Ստեփանակերտում ձերբակալեցին   ԼՂՀ պաշտպանության նախարարին, նրա եղբորը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանին եւ նրա այլ մերձավորների։

2001-ի մարտի 23-ին էլ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սպասվող ամերիկյան պաշտոնական հանդիպումներից առաջ գոտեպնդելու կամք արտահայտեցին այն ժամանակ դեռ նորահայտ երկու երիտասարդ գործիչ՝ «Երիտասարդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն ու «Կայունություն» կուսակցության երիտթեւի առաջնորդ Մենուա Հարությունյանը։  Երիտասարդները համոզված էին, որ իրենց աջակցությունն ունենալով՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն առավել ինքնավստահ կզգա Միացյալ Նահանգներում։

Թեղուտի հարցով դատավարության ժամանակ արձանագրված ապօրինությունների դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները 2010-ի ճիշտ այս օրը հողին էին հանձնում ՀՀ վարչական օրենսգիրքը՝ դոլարների հետ միասին՝ ակնարկելով, որ օտարներն են տիրացել Հայաստանի բնակչության ունեցվածքը համարվող հողին եւ թթվածնին։

2011-ի մարտի 23-ին ոստիկանությունը թույլատրեց Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին տեղադրել անձրեւանոց, սակայն՝ միայն գիշերներն ու անձրեւի ժամանակ։