Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage (1)
A A
Քաղաքականություն

Հայաստանում անելանելի վիճակում հայտնված ՌԴ քաղաքացիները ստիպված են Վրաստանի դեսպանատանը դիմել (տեսանյութ)

Հայաստանում գտնվող մի քանի տասնյակ  ՌԴ քաղաքացիները չեն ընդունում այդ երկրի դեսպանատան առաջարկները՝  անելանելի համարելով իրենց վիճակը:

Ռուսաստանի Դաշնության  հայազգի քաղաքացիները սեփական մեքենաներով չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ հայ-վրացական սահմանի փակ  լինելու պատճառով:

Քաղաքացիները դիմել են  Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, այնտեղից ստացել երկու առաջարկ, որոնք, սակայն, իրագործելի չեն։ Այս մասին «Ա1+»-ին փոխանցեց քաղաքացիներից մեկը՝ Վարդան Պալյանը, որը Հայաստան է ժամանել քթի վիրահատության  նպատակով, և այժմ վերադառնալ չի կարողանում: Ի դեպ, դեսպանատունն առաջարկում է  նրան դիմել հարցերով։ Վերջինս էլ հարցի լուծումը գտնելու համար երկրորդ օրն է այլ քաղաքացիների հետ գնում է Վրաստանի դեսպանատուն:

akcia.jpg (128 KB)

«ՌԴ դեսպանատնից  մեզ առաջարկել են մեր միջոցներով վարձել բեռնատար ավտոմեքենեա, որը կտեղափոխի մեր սեփական մեքենաները Վերին Լարս, իսկ մենք կրկին մեր միջոցներով վարձած ավտոբուսով կհասնեք Վերին Լարս, այնտեղ կնստենք մեր մեքենաները և կգնանք Ռուսաստան: Երկրորդ տարբերակով մեզ առաջարկեցին թողնել մեր ավտոմեքենաները Երևանում գտնվող անվճար ավտոկայանատեղիում, մեր միջոցներով գնենք ինքնաթիռի տոմս և գնանք Ռուսաստան, որոշ ժամանակ անց կգանք մեր մեքենանների հետևից»,-հայտնեց Վարդան Պալյանը։

Քաղաքացիները մերժել են երկու տարբերակն էլ, որովհետև մեքենաների տեղափոխման ծախսը բավականին մեծ է եղել՝ չհաշված իրենց՝ ավտոբուսով մեկնելու ծախսը:

 Ինքնաթիռով գնալու տարբերակից հրաժարվել են կրկին գումարային խնդիրների պատճառով, բացի այդ և՛ ավտոբուսի, և՛ ինքնաթիռի պարագայում ունեն  նոր կորոնավիրուսով վարակվելու մտավախություն:

Այսօր նրանք Վրաստանի դեսպանատան դիմաց հավաքվելուց հետո՝ ձևակերպել են իրենց առաջարկները, որոնք նամակի տեսքով  հանձնել են և՛Ռուսաստանի, և՛ Վրաստանի դեսպանատուն:

«Թող մեզ թույլատրեն անցնել Վրաստանի տարածքով, մենք համաձայն ենք փակվել մեր մեքենաների մեջ և  Վրաստանի տարածքով անցնելիս դուրս չգալ մեքենայից, թող մեր ավտոմեքենաների և՛  դիմացից, և՛ հետևից գնա Վրաստանի ոստիկանական մեքենա,  որը կհետևի, որ մենք ոչ մի  տեղ չկանգնեք, չիջնենք, պատրաստ ենք բացարձակ չշփվել Վրաստանի քաղաքացիների հետ, նույնիսկ համաձայն ենք գնալ այն ճանապարհով, որը ցույց կտա մեզ Վրաստանը»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ՌԴ  քաղաքացիները, ովքեր այսօր Հայաստանում են, սոցիալապես ծանր վիճակում են գտնվում: Անգամ հյուրանոցում մնալու գումար չունեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ  որ ավելի քան 300 մարդ, ովքեր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, արտակարգ դրության պատճառով չեն կարողանում վերադառնալ իրեց տուն, քանի որ Վրաստանը  արգելք է դրել այլ երկրների քաղաքացիների ՝ Վրաստանի տարածքով Ռուսաստան մեկնելու վրա:

 Իսկ այս ընթացքում ՀՀ-ում   Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում, որում առաջարկում է Երեւանում անվճար կայանատեղի ավտոմեքենաների համար ու ներկայացնում օդային ճանապարհով վերադարձի ուղղությունները։