Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՀՅԴ Բյուրոյի կոչը

Համայն մարդկությունն այս օրերին տառապում է «թագավարակ» ժահրի (կորոնավիրուս) ստեղծած տագնապով: Համաճարակը լուրջ է, ցարդ շարունակում է անսանձ տարածվել ու վարակել և խլում է զգալի թվով զոհեր:

Բնականաբար այս աղետից զերծ չի մնացել նաև մեր ազգն ու հայրենիքը: Հայ Յեղափոխական Դաշնակցության մեծ ընտանիքը, իր բոլոր միավորներով` կազմակերպական շարքեր, Հայ Դատի գրասենյակներ ու հանձնախմբեր, երիտասարդական, ուսանողական կառույցներ եւ ուղեկից միություններ` ՀՕՄ, Համազգային, ՀՄԸՄ, ինչպես նաև համակիր կառույցներն ու շրջանակները, իր ողջ կարողականությունը դնում է մեր ժողովրդի տրամադրության տակ, հատկապես` Հայաստանի ու Արցախի պետություններին առավելագույն աջակցություն ապահովելու պատրաստակամությամբ:

Առ այդ, կոչ ենք ուղղում տարբեր գաղութների ու համայնքների մեր կառույցներին` առանց գաղափարական ու հարանվանական խտրության, հատուկ ճիգ թափել սպասարկելու մեր ժողովրդի, և ի մասնավորի՝ նրա անապահով ու վտանգված խավի կարիքները։ Այս առումով արդեն իսկ որոշ աշխատանքներ իրականացվել են շատ համայնքներում և հավելյալ թափով դրանք պիտի ընդլայնվեն:

Ավելին՝ հարյուր հազարավոր դոլարի հասնող օժանդակություններ, ՀՕՄ-ի հետ գործակցաբար, արդեն հասցրել ենք Հայաստան և Արցախ ու պիտի շարունակենք տրամադրել անհրաժեշտը: Այս ուղղությամբ կապի մեջ ենք մեր զույգ Հանրապետությունների համապատասխան պատկան մարմինների հետ: Արդ կոչ ենք ուղղում, որպեսզի համահայկական օժանդակությամբ մասնակցենք ՀՀ պետության կողմից «կորոնա» ժահրի (կորոնավիրուս) վարակի կանխարգելման և հաղթահարման նախաձեռնությանը (մանրամասնությունները՝ այստեղ )։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ներկա հանգրվանը ենթադրում է համազգային ճիգերի լարում և միասնականություն, կարգապահություն ու զգոնություն՝ հաղթահարելու համար մեր հայրենիքի ու ժողովրդի դիմաց ծառացող վտանգը: Համոզված ենք, որ համախմբվածությամբ պիտի շրջանցենք այս հանգրվանը ևս: Վստահեցնում ենք բոլորին, որ մոտիկից հետևում ենք կացությանն ու նրա զարգացմանը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ մեր ողջ կարողականությունը ծառայեցնում ենք մեր ժողովրդին:

 

ՀՅԴ ԲԻՒՐՕ