Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լեգենդար Շավարշ Կարապետյանը՝ Բաշկիրիայի նախագահի խորհրդական

Աշխարհահռչակ սուզալողորդ Շավարշ Կարապետյանը նշանակվել է Ռուսաստանի Ֆեդերացիայի կազմի մեջ մտնող Բաշկիրիայի Հանրապետության նախագահի խորհրդական: Այդ մասին հայտնում է bashinform.ru կայքը: 

Հրամանն անձամբ ստորագրել է Բաշկիրիայի ղեկավար Ռադի Խաբիրովը: Շավարշ Կարապետյանը հիմնականում կզբավի այդ հանրապետության ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման հարցրերով:

Տեղեկություն. 

Շավարշ Վլադիմիրի Կարապետյանը ծնվել է 1953թ մայիսի 19-ին, Կիրովականում: Մինչեւ 17 տարեկանը զբաղվել է լողով, սակայն մարզիչները նրան, այնուամենայնիվ, հեռացրել են թիմից: Դրանից հետո նա մարզիչ Լիպարիտ Ալմասակյանի գլխավորությամբ զբաղվել է սուզալողով: 

 

Շավարշ Կարապետյանն աշխարհի 17-ակի և Եվրոպայի 13-ակի չեմպիոն է, աշխարհի 11-ակի ռեկորդակիր: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և UNESCO-ի «Արդար խաղ» մրցանակով։ 2010 թվականի մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արիության մեդալով:

Սակայն, Շավարշ Կարապետյանն աշխարհին ավելի շատ հայտնի է իր սխրագործություններով: 1974 թվականի հունվարի 8-ին նա Ծաղկաձորից ավտոբուսով վերադառնալիս փրկում է ուղևորներին վերահաս վտանգից, երբ վերելքի վրա վարորդը դուրս է գալիս շարժիչի անսարքությունը պարզելու համար, իսկ մեքենան շարժվում է տեղից։ Մարզիկը արմունկով ջարդել է վարորդի խցիկի ապակյա պատը և ավտոբուսը ուղղել դեպի սար և կանգնեցրել։

1976 թվականի սեպտեմբերի 16-ին նա իր եղբոր՝ Կամո Կարապետյանի հետ փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին: 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում, Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։

Դրանից հետո նա հիվանդացել է թոքերի բորբոքումով, սակայն անվախ մարզիկը մեկ տարի անց կրկին վերադարձել է լողուղի, հաղթել Եվրոպայի առաջնությունում և սահմանել թվով 11-րդ ռեկորդը: Հետագայում հիվանդության պատճառով ստիպված ավարտել է ելույթները:

1985թ փետրվարի 15-ին Շավարշ Կարապետյանն առաջինն է օգնության հասել Ծիծեռնակաբերդի մարզահամերգային պալատում բռնկված հրդեհի դեմ պայքարող հրշեջներին:

1991 թվականից նա ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում։ Սուզալողի ռուսական ֆեդերացիայի պատվավոր նախագահն է: