Բացել լրահոսը Փակել լրահոսը
90435954_2615073458615345_2809140479688441856_n
A A
Պաշտոնական

Բժշկական պարագաներ՝ Սիրիայում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խմբի կողմից

Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության և Սիրիայի Օգնության Խաչի հետ համագործակցությամբ մարտի 20-ին ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի Հայկական ծերանոցին, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնին և մի շարք այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։

Սիրիայի Օգնության Խաչի վարչության անդամները և Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնի ղեկավարությունը երախտագիտություն են հայտնել հայ բժիշկներին թե տրամադրված բժշկական պարագաների, թե Հայկական ծերանոցում, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ բժշկական հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար։ Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական բարձր հատկանիշները, ոչ միայն պատերազմի հետևանքով տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, այլև համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դեմ պայքարելու պատրաստակամությունը։

- Մեր հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբ օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում մեր կողքին են,- նշեց գեներալը։

Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին մշտական աջակցության համար։