ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման եւ ինքնամեկուսացման պահանջները խստացնող օրինագիծը (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստը ընդմիջվեց մինչեւ երկուշաբթի։ Այսօր 20․30-ին գումարվել էր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Փաթեթը ներկայացնողը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան էր, որը փաթեթի մշակման եւ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորեց երկրում հայտարարված արտակարգ դրությամբ: Նախագծերով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով: Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Նախատեսված լրացմամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
Հատուկ ընթացակարգով տեղի ունեցած առաջին ընթերցմամբ օրենքի նախագծին կողմ է քվեարկեց 102 պատգամավոր: Խորհրդարանն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին: