Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hayk_Chobanyan_IMG
A A
Քաղաքականություն

Սահմանին իրավիճակի փոփոխություն չկա, մարզպետարանի աշխատանքն է արտակարգ ռեժիմով․ Տավուշի մարզպետ

«Ա1+»-ի հարցերին պատասխանել է  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

 -Պարո՛ն Չոբանյան, կորոնավիրուսի դեմ  պայքարի  ի՞նչ աշխատանքներ են կատարվում Տավուշի մարզում։

Ըստ էության՝ կառավարման առումով մենք լիարժեք գտնվում ենք արտակարգ դրության մեջ։ Մարզպետարանի աշխատանքին զուգահեռ գործում է նաև երկրորդ ֆորմատը՝ Տավուշի մարզի արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողով, որտեղ նաև ոլորտային բաժանումներ կան իրենց պատասխանատուներով։ Ստեղծվել են նաև համայնքային կամ շրջանային շտաբներ։

Ամենամեծ ծավալի աշխատանքները, որ կատարվում են, ախտահանման աշխատանքներն են, որոնցով զբաղվում են հենց համայնքապետարաններն իրենց կոմունալ և այլ ծառայությունների միջոցով։ Արտակարգ իրավիճակների Տավուշի մարզային վարչությունն ունի 4 մոբիլ խումբ, որ բաժանված է ըստ շրջանների։ Իջևանի խումբն ամենամեծն է, մարզայինը՝ 14 հոգուց բաղկացած, և ունենք  5-ական խումբ մյուս 3 շրջանում: Այսօրվանից մեր աշխատանքների մեջ ենք ներգրավում նաև սահմանամերձ գյուղերի խմբերին, որպեսզի այնտեղ առանձնահատուկ հսկողության տակ լինի ամեն ինչ։

Մենք այս աշխատանքների մեջ դիտարկում ենք նաև մասնավոր կազմակերպությունների մասնակցությունը։ Դրանք առևտրային և սպասարկող կազմակերպություններն են՝ խանութներ, բանկեր և այլն։ Իրականացնում են իրենց տարածքների համապատասխան ախտահանում և ունեն համապատասխան աշխատանքային ռեժիմ։  Ախտահանվում են շենքերի, շինությունների ընդհանուր տարածքները, մուտքերը, աղբամանները, տրանսպորտը։

Ասեմ, որ այս բոլոր աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության, առողջապահության նախարարության համապատասխան ակտերով ու պարետի ցուցումների հիման վրա։ Մեր համապատասխան ստորաբաժանումների, ռեգիոնալ ներկայացուցիչների կողմից այս աշխատանքների վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ, որում ներգրավված նաև ուժային կառույցները, մասնավորապես ոստիկանությունը, և ոչ միայն կարգուկանոնի պահպանման, այլև՝ մոնիթորինգի առումով։

-Կա՞ հսկողություն հավաքույթների արգելքի հետ կապված։

Աշխատանքների երկրորդ խումբը մարդկանց մեծաքանակ հավաքույթների հետ է կապված։ Ասեմ, որ կազմակերպված վիճակ է, և մարդիկ ըմբռնումով են մոտենում հոգեհանգիստների, թաղումների հետ կապված մեզ հետ կապ են հաստատում, հսկողություն է իրականացվում մարզպետարանի և ոստիկանության կողմից։ Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այդպիսի կազմակերպված մոտեցման և ընդհանրապես կազմակերպվածության համար։ Մենք այս օրերին մեծ աշխատանքն ենք կատարել բացօթյա առևտուրը բացառելու համար։ Ես չեմ կարող ասել, որ ամբողջությամբ բացառված է, բայց մեր այսօրվա մոնիթորինգի արդյունքներն էապես տարբերվում են երեկվանից։

-Ինչպե՞ս են աշխատում Ձեր աշխատակիցները

Մեր աշխատանքի սկզբունքը մեկ բառով կարող ենք ասել «սոցիալական մեկուսացում» և մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին հնարավորության դեպքում ուղղակի մնալ իրենց տանը, դուրս չգալ։ Ասեմ նաև, որ այս պահին մարզպետարանը և բազմաթիվ կազմակերպություններ անցել են աշխատանքի առցանց ռեժիմի։ Աշխատակիցները, որոնք հնարավորութուն չունեն առցանց աշխատանքի կամ որոշակի օրեր ունեն, որ շաբաթը գոնե մեկ անգամ պետք է այցելեն մարզպետարան, միայն այդպես են անում։ Դա մոտավորապես 25/75 տոկոս հարաբերակցությամբ է, այսինքն՝ աշխատակիցների մոտ 25 տոկոսը մշտապես կամ պարբերաբար աշխատում է ստացիոնար, իսկ 75 տոկոսը՝ առցանց։ Առավոտյան իրականացվում  է ջերմաչափում, 2 ժամը մեկ ախտահանում  աշխատասենյակներում ։

-Պարո՛ն Չոբանյան, իսկ քաղաքացիներն ինչպե՞ս են դիմում մարզպետարան, համայնքապեարան, քաղաքացիների հետ շփումներն ինչպե՞ս են իրականացվում։

 Քաղաքացիների ընդունելությունները դադարեցված են, բոլոր նամակները ստացվում են առցանց, մենք տվել ենք նաև հեռախոսահամարներ՝ հաշվի առնելով, որ որոշ քաղաքացիներ չեն կարող առցանց դիմել, հեռախոսազանգի միջոցով ուղղակի ուղղորդում ենք, թե ինչպես կարող են ինչ-որ բան անել, ծայրահեղ դեպքում նամակներն ուղարկվում են թղթային տարբերակով, հատուկ փոստարկղի միջոցով։ Եվ, կարծես թե, առցանց տարբերակով բոլոր խնդիրները կարողանում ենք լուծել։ Եվ մինչև արտակարգ դրության ավարտը հնարավորություն կունենանք այդ աշխատանքներն իրականացնել։

-Այս վիճակը որքա՞ն կարող է շարունակվել։ Քաղաքացիները երկար չեն կարող մեկուսանալ, դուրս չգալ, որովհետև աշխատանքի պետք է գնան... Այս առումով ի՞նչ քայլեր են կատարվում։

Այնպես չէ, որ Տավուշն առանձնանում է։ Կարծում եմ՝ այս հարցադրումը ընդհանուր կառավարության համապատասխան լիազոր մարմիններին է ուղղված։ Բայց ի՞նչ եմ ես կարող ասել իմ կողմից։ Կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորութուն է բազմաթիվ ընթացակարգերում, պարտադիր չէ նորարական, բայց հատկապես նորարարական լուծումների գնալուն, և այն փոփոխությունները, որ կատարվում են աշխատանքային, կրթական մշակույթում (ոչ միայն կորոնավիրուսով պայմանավորված), ապահովելու են առաջընթաց, ապագայում ևս, կդառնան առօրյա գործիքներ մեր կյանքի ընթացքում։ Եվ պետք չէ դրանից վախենալ։ Սա մեկ, սա ամենակարևոր մասն է Ձեր հարցադրման։ Երկրորդը. ըստ էության՝ հայտարարված է «ընտանիքային» ամիս կամ ինչ-որ ժամանակահատված, որի կենտրոնում հաստատ ընտանիքն է։

Երրորդը համընդհանուր համախմբումն է։ Գիտեք, մենք վերջին տարիներին բավականին ոգևորված ճանապարհի վրա ենք, նաև շատ են տարբեր առճակատումները, խոսակցությունները մեդիայում, սոցիալական ցանցերում և այլն։ Կարծում եմ, որ սա հնարավորութուն է հասկանալու, որ բոլորս մեկ երկրի քաղաքացի ենք և հնավորինս համախմբված լինել, որովհետև միշտ կարող ենք ունենալ միասնական խնդիրներ և թշնամիներ, որոնց դեմ պետք է պայքարել։

-Պարո՛ն Չոբանյան, իսկ սահմանային վիճակն ինչպիսի՞ն է հակառակորդի հետ շփման գծում։

Որևէ առանձնահատուկ փոփոխություն չկա, և հուսանք՝  այդպես էլ կշարունակվի։

-Վրաստանի հետ սահմանի կապված՝ Բագրատաշենի մաքսատան մասով ի՞նչ կասեք, խախտումների փորձեր եղե՞լ են, թե՛ Հայաստանից, թե՛ Վրաստանից այս օրերին։

Ոչ, ես այդպիսի տեղեկատվություն չունեմ։ Ես բնականաբար ամեն օր տեղեկացվում եմ ամենօրյա գործընթացներից։ Ամեն ինչ իրականացվում է սահմանված պրոտոկոլներին համապատասխան, որևէ առանձնահատուկ դեպքեր չունենք։

-Իսկ մարզպետարանը նախատեսե՞լ է այս շրջանում օգնություն տրամադրել առավել կարիքավոր անձանց, ընտանիքներին։

Այո, այս օրերին մենք որոշակի աշխատանքներ իրականացնում ենք մասնավորապես  մեր հաստատություններում կուտակված սննդի բաշխման հետ կապված. առաջին էտապում դա կանենք։ Համագործակցում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, համապատասխան ստորաբաժանումներն  աշխատում են առանձնահատուկ կարիքավոր ընտանիքների գրանցման և այդ ընտանիքներին հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար։