Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ Ազգային Ժողով
A A
Քաղաքականություն

Խորհրդարանը հրատապ հավաքվել է, ինչո՞ւ չի եկել նախարարը․ Մարուքյանը՝ Արդարադատության փոխնախարարին (տեսանյութ)

Կառավարության նախաձեռնությամբ  այսօր՝ մարտի 20-ին, ժամը՝ 20։30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել։ Խորհրդարանը քվորում ապահովել է։ 132 պատգամավորից գրանցվել է 89-ը։

Օրակարգում մեկ հարց է՝  ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

 Օրակարգի միակ հարցը քննարկվելու և քվեարկության է դրվելու առաջին և երկրորդ ընթերցմամբ։

Առաջարկվում է նախագծերի փաթեթի  երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։  Այս որոշման նախագիծը ներկայացրեց Արդարադատության փոխանախարար Վահե Դանիելյանը, ըստ որի՝ նախագծերի փաթեթի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ առաջիկա օրերը ոչ աշխատանքային օրեր են, իսկ նախագիծը ենթադրում է այնպիսի կարգավորումներ, որոնք համաճարակի հետագա կանխարգելման նպատակով առաջնահերթություն են։

 ԱԺ  նախագահ  Արարատ Միրզոյանը նկատեց, թե էական սահմանափակումներ կան։

«ԱԺ-ն իր այսպիսի ծանրակշիռ ներկայությամբ ակնհայտորեն ցույց տվեց, որ մենք պատրաստ ենք արագ արձագանքել Կառավարության նախաձեռնություններին արտակարգ դրությամբ պայմանավորված, բայց սամանափակումներ կան»,- ասաց նա։

Ըստ ԱԺ նախագահի՝ հիմա, եթե  24 ժամյա ռեժիմի մասին որոշումն ընդունեն, պարտավոր են 24 ժամյա ռեժիմում 2 ընթերցում ապահովել, բայց ըստ ԱԺ-Կանոնակարգ օրենքի համաձայն՝ հերթական նիստերից առաջ ԱԺ արտահերթ նիստերը կարող են տևել մինչև 23։00-ն։

«Եթե մենք հիմա նույնիսկ 10 րոպեի ընթացքում առաջին ընթերցման նախագծերի փաթեթն ընդունենք, առաջարկությունների համար օրենքով սահմանված  է տալ  3 ժամ,  հետո նույնիսկ, եթե հանձնաժողովն արագ նիստ անի ու հավաքվենք, ցանկացած հաշվարկի դեպքում դառնում է 23։00-ից հետո։ Հետևաբար մենք հիմա երկրորդ ընթերցում անելու իրավունք չունենք»,- ասաց նա, ու ընդգծեց, որ վաղը պետք է երկրորդ ընթերցում լինի, բայց ԱԺ-Կանոնակարգի մի այլ հոդվածի համաձայն էլ իրավունք չունեն ոչ աշխատանքային օրը ԱԺ նիստ հրավիրել։

Արարատ Միրզոյանն առաջարկեց երկրորդ ընթերցումն անել երկուշաբթի՝ մարտի 23-ին։

«Հիմա 24 ժամյա ռեժիմը չընդունենք, առաջին ընթերցմամբ նախագծերի փաթեթն ընդունենք, և երկուշաբթի առավոտյան արտահերթ նիստ հրավիրվի»,- ասաց նա։

ԱԺ նախագահի առաջարկությունը Կառավարության համար ընդունելի էր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ նկատեց, թե խորհրդարանն արագ հավաքվել է, ապա  հետաքրքրվեց, թե օրակարգի միակ հարցի զեկուցման համար ինչո՞ւ է ներկայացել Արդարադատության փոխնախարարը, և ոչ թե նախարարը։

 Ի պատասխան փոխնախարար Վահե Դանիելյանը բացատրեց, թե, քանի որ նախագծերի փաթեթը հրատապության հիմքով է ԱԺ բերվել, նպատակարմար են համարել, որ  ինքը ներկայացնի։

Էդմոն Մարուքյանին չգոհացրեց պատասխանը։

«Ձեզ շատ հարգում ենք, բայց խորհրդարանը հրատապ հավաքվել է, ինչո՞ւ չի եկել նախարարը։ Կարծում եմ, որ  հարգանքի հարց է, և հետո իրավական այլ հարցեր  կան, չգիտեմ, թե դուք այդ հարցերին կարողանալու եք պատասխանե, թե ոչ։ Լավ կլինի, որ նախարարը գա»,- ասաց նա։