Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փոխելու ենք Հայաստանի տնտեսական տեղադիրքը աշխարհում․ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական հակաճգնաժամային միջոցառումները:

Վարչապետը նշել է, որ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է այս ձևաչափով, որը պայմանականորեն անվանվում է տնտեսական հակաճգնաժամային գործողությունների օպերատիվ շտաբ կամ պարետատուն: Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ՝ արդեն կան կոնկրետ արդյունքներ, որովհետև արդեն իսկ կոնկրետ առաջարկություններ են մշակվել, որոնց վերաբերյալ շատ արագ հանրային քննարկումներ տեղի կունենան, և կկայացվեն որոշումներ:

«Մեր աշխատանքը հիմնականում 3 ուղղություն է ունենալու՝ տնտեսական հրատապ գործողություններ, սոցիալական բնույթի հրատապ գործողություններ և տնտեսական բնույթի ռազմավարական միջոցառումներ: Մենք, ըստ էության, ինչպես ասվել է, կոնկրետացրել ենք մեր պատկերացումներն այդ գործողությունների վերաբերյալ, և հիմա ավելի վստահ եմ, որ քաղաքական այն խնդիրը, որ հռչակել ենք դեռևս ճգնաժամի մեկնարկային փուլում, այն է՝ մենք պետք է այս իրավիճակի մեջ փնտրենք և գտնենք նոր հնարավորություններ, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի տնտեսական վիճակը և Հայաստանի տնտեսական տեղադիրքը աշխարհում, մենք կկարողանանք այդ խնդիրները լուծել և այդ նպատակներին հասնել: Մանավանդ, ի հեճուկս համաշխարհային ճգնաժամի՝ Հայաստանը շարունակում է բարելավել իր տնտեսական իմիջը միջազգային և համաշխարհային տնտեսական ռեյտինգներում, և կարծում եմ, որ առնվազն մինչև այս պահը նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում Հայաստանը շարունակում է բարելավել իր պոզիտիվ իմիջն աշխարհում: Կարծում եմ, որ սրանք ամենևին էլ երկրորդական նշանակություն չունեն՝ մեր հետագա պլանները ոչ միայն կազմելու, այլև իրագործելու իմաստով, և այս փուլում մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն մեր տնտեսվարողներին աջակցելը, մեր տնտեսության մրցունակությունն ավելացնելը, այլև պետք է շատերին տեսանելի լինի աշխարհում, որ ետճգնաժամային ժամանակներում Հայաստանը տնտեսական գործունեություն վարելու համար լավագույն տեղերից մեկն է աշխարհում: Սա, իհարկե, մեզնից լուրջ ջանք և լուրջ աշխատանք է պահանջելու, և ես համոզված եմ, որ այդ աշխատանքը մենք ի վիճակի կլինենք անել», - նկատել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ նաև քննարկման այս ձևաչափի որոշակի բյուրեղացման գործընթաց է լինելու, և կառավարությունը բաց է լինելու նաև առաջարկների, գաղափարների համար. «Պետք է հաղորդակցություն ունենանք նաև քաղաքական այն ուժերի, քաղաքացիական հանրության այն շրջանակների և տնտեսվարող այն շրջանակների հետո, որոնք մեզ հետ կիսելու գաղափարներ կունենան։ Իհարկե, այդ ամենը պետք է լինի համակարգված, որպեսզի աշխատանքը ոչ թե բարդացնենք, այլ դարձնենք առավել արդյունավետ: Մանավանդ հանրային քննարկումների փուլ ենք մտնում, և պարոն Գրիգորյան, ինչպես այսօր առավոտյան պայմանավորվել ենք, պետք է արդեն իսկ մտածել նաև այն մասին, որ այդ քննարկումներում շատ ուշադիր լինենք, որպեսզի բոլոր այն օգտակար գաղափարները կամ բոլոր գաղափարները, որոնք կարող են մեզ օգնել առավել արդյունավետ որոշումներ կայացնել, ի գիտություն ընդունենք և համոզվենք, որ տեղյակ ենք, հասու ենք այդ գաղափարներին. որոշակի առաջարկներ ունեցող մարդիկ, գործընկերները, քաղաքական ուժերը, տնտեսվարողները պետք է վստահ լինեն, որ իրենք լսելի են կառավարության համար»։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ կառավարությունն արդեն շատ հստակ իր ռազմավարությունն ընդգծել է, և պետք է պարզ լինի, որ այդ ռազմավարությունից չի շեղվելու այնքան ժամանակ, քանի դեռ հստակ ապացույցներ չկան, որ դա սխալ ռազմավարություն է: «Համոզված եմ, որ այդպիսի ապացույցներ չեն լինի, իսկ էությունը հետևյալն է. մենք ոչ թե ճգնաժամի արդյունքում պետք է խեղճանանք և ուրիշներին աջակցենք խեղճանալու պրոցեսների մեջ, այլ պետք է ճգնաժամի ընթացքում ուժեղանանք և աջակցենք բոլոր նրանց, ովքեր ուզում են ուժեղանալ, ովքեր հավատում են ուժեղանալու մեր՝ համընդհանուր և նաև իրենց անհատական հնարավորություններին և, իհարկե, այս ռազմավարությունը պետք է շարունակենք։

Կրկնում եմ՝ հատկապես տնտեսական ոլորտում մենք պետք է մրցունակության բարձրացումը, արդյունավետության բարձրացումը, նորարարության ներմուծումը և նոր աշխարհի ձևակերպմանը մասնակից լինելու հավակնությունները համարենք առաջնային՝ իհարկե, ունենալով նաև սոցիալական աջակցության հրատապ գործողությունների ծրագիր։ Երեկ մենք քննարկել ենք և դրա վերաբերյալ արդեն ունեցել ենք որոշումներ։ Այսօր ես նաև հանդիպում եմ ունեցել այս կապակցությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ: Մենք հստակ ուղենշել ենք այս առումով մեր անելիքը, և այստեղ էլ մեր հիմնական խնդիրն այն է, որ սոցիալական աջակցության ռեսուրսները լինեն հասցեական և հասնեն այն մարդկանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը և որևէ կերպ չհասնեն այն մարդկանց, ովքեր օբյեկտիվորեն դրա կարիքը չունեն։

Այսօր մենք պետք է քննարկենք գյուղատնտեսության ոլորտում մեր անելիքները, և այդ անելիքների վերաբերյալ արդեն նախնական պատկերացումներ կան: Այսօր այդ պատկերացումները կճշգրտենք և բովանդակությունը որոշակի տեսքի հասցնելուց հետո, արագ հանրային քննարկման փուլով անցկացնելուց հետո արդեն կփորձենք արձանագրել որպես կառավարության որոշումներ», - ընդգծել է երկրի վարչապետը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը որոշակի ցուցանիշներ է ներկայացրել առանձին ոլորտներում շրջանառության ծավալների վրա կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական ազդեցության, հարկային վճարումների և եկամուտների, ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ: Եվս մեկ անգամ անդրադառնալով հարկային արձակուրդի գաղափարին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը հարկային արձակուրդ չի տրամադրելու. մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց հարկերը վճարել, և հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը՝ կառավարությունը ևս միջոցներ է ներդնելու՝ քաղաքացու հետ մասնակցելով հարկերի վճարմանը:

Խորհրդակցությանը քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ֆերմերներին, գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական կոոպերատիվներին հնարավոր օժանդակության մեխանիզմներին և գործիքակազմին: Արծարծվել են գյուղատնտեսական միկրովարկավորման՝ որպես հակաճգնաժամային աջակցության արդյունավետ գործիքի կիրարկմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսական հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը միտված է լինելու և՛ ոլորտին աջակցություն ցուցաբերելուն, և՛ ընդհանուր առմամբ երկրի տնտեսական զարգացմանը: Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գույքագրել բոլոր առաջարկությունները, լրամշակել միջոցառումների փաթեթը և հաջորդ շաբաթվա սկզբին ներկայացնել վերջնական քննարկման: